Գյուղատնտեսական կոոպերատիվներ

Անցյալ դարի 90-ականների սկզբին Հայաստանը նախկին Խորհրդային հանրապետությունների շարքում առաջինն իրականացրեց գյուղատնտեսական ակտիվների, այդ թվում՝ հողերի, անասունների, ընտանի թռչունների և գյուղատնտեսական տեխնիկայի, զանգվածային մասնավորեցում: Արդյունքում ստեղծվեցին ավելի քան 340,000 մասնավոր փոքր գյուղացիական տնտեսություններ (միջինը 1.5 հա հողատարածք մեկ տնտեսության հաշվով)՝ ավելի քան 1.3 միլիոն հողակտորներով: Սակայն փոքր և մասնատված գյուղացիական տնտեսությունները, ինչպես նաև հիմնականում հնացած և ռեսուրսների օգտագործման տեսանկյունից ոչ արդյունավետ գյուղատնտեսական մեթոդները և տեխնոլոգիաները խոչընդոտում էին գյուղատնտեսական արտադրության արդյունավետ կազմակերպմանը: Հին և քայքայված ենթակառուցվածքները, գյուղատնտեսական արտադրանքի շուկայական առաջխաղացման հետ կապված դժվարությունները, ֆինանսական ռեսուրսների դժվար հասանելիությունը, հմտությունների զարգացման և մասնագիտական ուսուցման համար ոչ համարժեք հնարավորությունները, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման ծառայությունների ցածր որակը բացասական ազդեցություն ունեցան գյուղական շրջաններում աղքատության խորացման հարցում, որի մակարդակը 2014թ.-ին հասավ Հայաստանի ամբողջ բնակչության թվի 30%-ին:

Այսօր գյուղական շրջանների աղքատ բնակիչները կախված են ստվերային, հաճախ մենաշնորհված  շուկաներից, որոնք չեն նպաստում նրանց տարրական կարիքների բավարարմանը: Հաշվի առնելով վերը նշված գործոնները, Շեն ԲՀԿ-ն հանդես եկավ նոր գաղափարներով և մոտեցումներով, որպեսզի աջակցի փոքր գյուղացիական տնտեսություններին՝ հիմնականում  բնամթերային գյուղատնտեսությունից դեպի առևտրային բնույթի գյուղատնտեսություն անցնելու գործում: Սկսած 2010թ.-ից Շեն ԲՀԿ-ն իր՝ եկամուտների ստեղծմանն ուղղված ծրագրերում իրագործում է «Շուկաներն ի շահ աղքատների» (M4P) նորարարական մոտեցումը: Շեն ԲՀԿ-ն նպաստում է փոքր գյուղացիական տնտեսությունների հիմնական շահութաբեր արժեշղթաներում ավելի լավ ներգրավվելու գործընթացին, ինչի արդյունքում այդ տնտեսություններն ստանում են ավելի բարձր եկամուտներ:

Ավելին, 2013թ.-ին Շեն ԲՀԿ-ն նախաձեռնեց նոր ծրագրեր, որտեղ հիմնական շեշտը դրվեց եկամուտների ավելացման վրա համայնքի անդամների մոբիլիզացիայի միջոցով, մասնավորապես գյուղատնտեսական կոոպերատիվների կազմակերպման և զարգացման միջոցով գյուղական շրջանների տնային տնտեսությունների համար եկամուտների ստեղծման վրա: Ծրագրերի նպատակն է մոբիլիզացնել համայնքի անդամներին ընդհանուր գյուղատնտեսական խնդիրների նույնականացման և դրանց համար համախմբված լուծումներ գտնելու համար: Որպես առաջին քայլ, Շեն ԲՀԿ-ն խթանում է համայնքային մակարդակով ամենապարզ միավորների ստեղծմանը, որոնք հայտնի են որպես սպառողական կամ մարքեթինգային (շահույթ չհետապնդող) կոոպերատիվներ (տե՛ս 2013թ.-ի Տարեկան հաշվետվությունում ներկայացված Բերդավանի կոոպերատիվը):

 

 

Շեն ԲՀԿ-ն խթանում է նաև ավանդական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի այն շրջաններում, որտեղ օրգանական գյուղատնտեսությունը դեռևս իրագործելի չէ՝ հատուկ ուշադրություն դարձնելով բարձրարժեք մշակաբույսերի աճեցմանը, ինչպիսիք են՝ միրգը, բանջարեղենը և բարձրարժեք հացահատիկային մշակաբույսերը: Այս առումով, Շեն ԲՀԿ-ն իրականացրել է մի շարք արժեշղթաների ուսումնասիրություն, որոնցից Հայաստանի շատ շրջանների համար ամենահեռանկարայինը ծիրանի արտադրությունն է: Շատ դեպքերում, երկրի լեռնային շրջանների մեծ մասում, նման գյուղմթերքի արտադրությունը լրացում է հանդիսանում ավելի ավանդական, ցածրարժեք, հարաբերականորեն մեծ ծավալներով արտադրվող գյուղմթերքին, ինչը լրացուցիչ եկամուտներ է ապահովում տնային տնտեսությունների համար: Այս ծրագրերն իրականացվում են նաև հիմնականում փախստականներով բնակեցված համայնքներում, որոնք տնտեսական ինտեգրման հետ կապված խնդիրներ ունեն: Մեր ռազմավարությունն է առավելագույն թվով շահառուներին աջակցություն ցուցաբերելը՝ գործառնական արժեշղթաների ուժեղացման միջոցով, որոնցում մենք կիրառում ենք տարբեր խթանիչ մոտեցումներ: Այդ իսկ պատճառով, մենք փորձում ենք խթանել այնպիսի գործունեություն, որը պոտենցիալ կերպով ստեղծում է զգալի ծավալների գյուղատնտեսական արտադրանք՝ ավելի մեծ եկամուտներ ապահովելով ողջ համայնքին:

Սկսած 1999թ.-ից, չօգտագործվող պահուստային հողերի վրա պտղատու այգիների հիմնումը եղել է Շեն ԲՀԿ-ի գործունեության կարևոր բաղադրիչներից մեկը: Պտղատու այգիներից ստացվող եկամուտներն ուղղվում են տեղի համայնքների կարիքների բավարարմանը: Մինչ այժմ գրանցված արդյունքների վերլուծությունից հետո Շեն ԲՀԿ-ն որոշում կայացրեց վերանայել չօգտագործվող հողերի վրա մրգատու այգիների հիմնման ռազմավարությունը: Մասնավորապես, ավելի բարենպաստ պայմաններ էին ստեղծվել գյուղական ձեռնարկատիրության խրախուսման համար և Շեն ԲՀԿ-ն որոշեց աջակցել անհատ գյուղացիական տնտեսություններին, որոնք ունեին անհրաժեշտ վճռականությունը, սակայն չունեին բավարար միջոցներ ցածրորակ հողերի վրա պտղատու այգիներ հիմնելու համար:  Շեն ԲՀԿ-ն աջակցություն ցուցաբերեց այն շահառու համայնքների գյուղացիական տնտեսություններին, որտեղ առկա էր գյուղատնտեսական զարգացման պոտենցիալ նրանց անբերրի և ցածրորակ հողերի բարելավման և ոռոգման համակարգերի վերակառուցման միջոցով: Այսպիսով, նշված բոլոր ջանքերը գործադրվում են՝ ակնկալելով, որ գյուղացիներն աստիճանաբար կգիտակցեն գյուղատնտեսական արտադրության և մարքեթինգի բոլոր փուլերում կոոպերացիայից ստացվող օգուտները: