Համայնքային զարգացում

  

 Խոցելի համայնքի կամ համայնքների խմբի Համայնքային համապարփակ զարգացումը (ՀՀԶ) սոցիալական, տնտեսական և բնապահպանական հիմնախնդիրների ինտեգրումն ու դրանց համակարգված լուծումն է: Շեն ԲՀԿ-ն ակտիվորեն կիրառում է այս մեթոդաբանությունը Հայաստանի բազմաթիվ գյուղերում, որտեղ ընդհանուր զարգացումը պահանջում է համակարգային մոտեցում՝ գյուղական շրջաններում ապրուստի միջոցների ստացմանն առնչվող մի շարք խնդիրներ լուծելու  նպատակով: Գյուղական ենթակառուցվածքների որոշակի բաղադրիչների, այդ թվում՝ ոռոգման ցանցի, անասնաբուժական ծառայության՝ ներառյալ արհեստական բեղմնավորումը, գյուղատնտեսական տեխնիկային առնչվող ծառայությունների, փոքրածավալ արտադրությունների և այլնի, ապահովումն ամուր հիմք է ստեղծում համայնքների կայուն տնտեսական զարգացման համար: Վերը նշված բոլոր և մի շարք այլ ենթակառուցվածքների/ծառայությունների կայունությունը մեծապես կախված է որոշումների կայացման և իրականացման գործընթացներում համայնքի բնակիչների մշտական մասնակցությունից և ներգրավվածությունից:

Մեկնարկային փուլն սկսվում է Գյուղական մասնակցային գնահատմամբ, որն իրականացվում է ամբողջ համայնքի ուղղակի ներգրավմամբ: Դրան հաջորդում է համայնքի Ընդհանուր ժողովի հրավիրումը, որի ընթացքում ընտրվում է Համայնքային նախաձեռնող խումբ (ՀՆԽ): Այնուհետև ՀՆԽ-ն և Շեն ԲՀԿ-ի ներկայացուցիչները նախաձեռնում են Համայնքի ռազմավարական պլանի նախագծի մշակումը: Սա կենսական նշանակություն ունեցող գործընթաց է, որը, վերջիվերջո, համայնքի կայունության համար հիմք է ստեղծում: ՀՀԶ մոդելի իրագործումը հնարավորություն է տալիս ապահովելու համայնքի անդամների զգալի ներգրավվածություն բոլոր պլանավորվող գործողություններում, այդպիսով օգտագործելով և՛ համայնքի, և՛ Շեն ԲՀԿ-ի կարողությունները պլանավորված ծրագրերն արդյունավետորեն իրագործելու համար, նույնիսկ տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Շեն ԲՀԿ-ն ՀՀԶ մոդելը ներդրել է սկսած  2001թ.-ից և վերջին տասնամյակում այն շոշափելի արդյունքներ է ապահովել Շեն ԲՀԿ-ի աղքատության չափանիշների հիման վրա ընտրված թիրախային համայնքներում: Երկրի տարբեր մարզերի մի շարք համայնքներում իրականացված ծրագրերն ապացուցել են Շեն ԲՀԿ-ի կողմից ընտրված ռազմավարության արդյունավետությունը (տե՛ս Ավարտված ծրագրերը): Այսպիսով, մենք ականատես եղանք, թե ինչպես կարելի է սահմանափակ միջոցների ներգրավմամբ հասնել կայունության՝ հանուն համայնքի բարեկեցության: Բոլոր այն ծրագրերում, որոնցում առկա են ֆիզիկական ենթակառուցվածքների վերանորոգման կամ կառուցման բաղադրիչներ, շահառու համայնքի կողմից  իրականացվող ներդրումը պետք է կազմի ծրագրի ընդհանուր արժեքի առնվազն 20%-ը:

Եվ ամենակարևորը, ՀՀԶ մոտեցման կիրառումն ուղղորդեց անցումային փուլում գտնվող համայնքներին՝ ծառայությունների պասիվ օգտվողի կարգավիճակից նրանց տանելով դեպի հզորացում և կարողությունների զարգացում: Մասնակցության, համագործակցային պլանավորման և որոշումների կայացման փուլից հետո համայնքներն ստանում են կայունությանն ուղղված, ձեռքբերված արդյունքները պահպանելու և կատարվող առաջադրանքների ներքին մոնիթորինգի համար անհրաժեշտ գործիքներ: Շեն ԲՀԿ-ն հատուկ ուշադրություն է դարձնում նշված մոդելը շահառու համայնքից դեպի հարևան համայնքներ փոխանցելու վրա: