Կանաչ համայնքներ

Կանաչ համայնքների ծրագրի նպատակներից մեկն է դպրոցների, մանկապարտեզների, համայնքային և արվեստի կենտրոնների հարևանությամբ գտնվող ճանապարհների եզրերին ծառերի տնկումը: Համաձայն համայնքների հետ կնքված պայմանագրերի, գյուղապետարանները և Համայնքային նախաձեռնող խմբերը պարտավորվում են ապահովել ծառերի պահպանությունը և խնամքը: Շեն ԲՀԿ-ն հետևում է այս ծրագրի առաջընթացին իր տեղական գրասենյակների միջոցով:

2006թ.-ին Շեն ԲՀԿ-ն մեկնարկեց նոր նախաձեռնություն, որի նպատակն էր շահառու համայնքներին աջակցություն ցուցաբերելը, դրանք մաքուր և կանաչապատ դարձնելու համար: Սկսած 2010թ.-ից, Կանաչապատ համայնքների ծրագրի շրջանակներում Շեն ԲՀԿ-ն իր տնկարանից Կոտայքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի մոտ 40 գյուղերի նվիրել է անտառային և դեկորատիվ ծառեր: Ինչպես ցույց են տալիս տարեկան մշտադիտարկումները, ծառերի մեծամասնությունը պատշաճ կերպով խնամվում է, գեղեցկացնելով համայնքները:

2010թ.-ին Շեն ԲՀԿ-ի Սփյուռքի գործընկեր Յալկեզեան հիմնադրամը (Կանադա) որոշում կայացրեց մասնակցել այդ աշխատանքներին: Հիմնադրամի աջակցությամբ տարեկան ավելի քան 1,000 ծառ է տրամադրվում երկրի տարբեր շրջաններում գտնվող Շեն ԲՀԿ-ի շահառու գյուղերին: Ներգրավված բոլոր համայնքներում իրականացվում է անհրաժեշտ ոռոգման ցանցերի կառուցում և վերանորոգում:

Կանաչապատ համայնքների ծրագրի երկրորդ նպատակը գյուղերում մաքրման աշխատանքների խթանումն է և մշտական աղբահանության հետագա կազմակերպումը: Առաջին հաջողությունները գրանցվել են Տավուշի մարզի Բերդավան և Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղերում, որտեղ համապատասխան գյուղապետարանների որոշումներով կազմակերպվել են աղբավայրեր: Վերջիններս կազմակերպվել են ՀՆԽ-ների, դպրոցականների և համայնքի անդամների ուղղակի ներգրավման միջոցով: Դրա նպատակն էր բնակիչների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների միջոցով հասնել կայունության: Այսօր ավելի քան 40 գյուղեր իրենց համայնքներում կազմակերպում և կանոնավոր կերպով իրականացնում են աղբահանություն:

Որպես այս ծրագրի շրջանակներում լրացուցիչ գործունեություն, ներդրվել է կենսահումուսի արտադրություն, որը, բացի իր ուղղակի օգուտներից, օգնում է նաև մաքուր վիճակում պահել գյուղի ճանապարհները: Անասնապահությամբ զբաղվող 12 համայնքներում Շեն ԲՀԿ-ի օրգանական գյուղատնտեսության ընդլայնման խումբը կազմակերպել է հումուսի արտադրության թեմայով ուսուցում և համայնքի շահագրգիռ անդամներին տրամադրել Կալիֆոռնիական կարմիր որդերի անհրաժեշտ քանակությունը: Վեց ամիս անց, Շեն ԲՀԿ-ի մշտադիտարկման խումբն արձանագրեց, որ որոշ գյուղացիական տնտեսություններ սկսել էին պարարտացնել իրենց խնձորի այգիները և կենսահումուսի կույտերի քանակն ավելացել էր: Ծրագրի շրջանակներում ձեռքբերված հաջող փորձը կներդրվի նաև Հայաստանի այլ մարզերում: