Ոչ-գյուղատնտեսական եկամուտներ

Չնայած, որ գյուղատնտեսությունը հանդիսանում է գյուղական տնային տնտեսությունների հիմնական տնտեսական գործունեությունը և զգալի մաս է կազմում նրանց եկամուտներում, գյուղացիների ընտանեկան բյուջեն կարող է համալրվել նաև այլ ոլորտներից ստացվող եկամուտներով: Շեն ԲՀԿ-ն աջակցություն է ցուցաբերում այն համայնքներին և առանձին տնային տնտեսություններին, որոնք ոչ գյուղատնտեսական գործունեությունում ներգրավվելու ներուժ և նպատակ ունեն:

Տեղական զբոսաշրջություն

Շեն ԲՀԿ-ն իրականացրել է տեղական զբոսաշրջության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Մասնավորապես, 2008թ.-ին մեր դասընթացներն ավարտած տեղի երիտասարդ ձեռնարկատերերի կողմից Ծափաթաղ, Շորժա և Փամբակ գյուղերում (Սևանա լճի ափին) ստեղծվել են իջևանատներ, որոնք հաջողությամբ գործում են ամառային  ամիսների ընթացքում: 2009թ.-ին, Շեն ԲՀԿ-ի կողմից կազմակերպված դասընթացներն ավարտելուց հետո, ևս վեց ընտանիքներ ներգրավվեցին վերը նշված գործունեությանը: Ոգևորվելով այս ոլորտում ներգրավված համագյուղացիների դրական փորձից, 2012թ.-ին այլ ընտանիքներ ևս դիմեցին և ստացան վարկեր իջևանատներ ստեղծելու նպատակով: Նորաստեղծ իջևանատներում իրենց հանգիստը անցկացնող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է: Հիմնվելով կուտակած սեփական փորձի (մշակված դասընթացներ և ուսումնական մոդուլներ),  ինչպես նաև ոլորտում ՀԱՀ-ի կողմից իրականացված հետազոտության վրա, Շեն ԲՀԿ-ն 2012թ.-ին մշակեց և հրատարակեց «Իջևանատների կառավարում» ձեռնարկը:

 

Ճամբարակում վերականգնվում է արհեստագործությունը

Հաջողությամբ իրականացվեց ասեղնագործության դասընթացների միջոցով եկամուտների ավելացմանն ուղղված ծրագիրը, որը մշակվել էր Ճամբարակ քաղաքի և հարևան գյուղերի կանանց համար: Այն մեկնարկեց 2005թ.-ին և դարձավ ծրագրի կայունության վառ օրինակ: Մեր շահառուների կողմից հիմնադրվել և հաջողությամբ գործում է «Թելերի աշխարհ» փոքր ձեռնարկությունը: