Սոցիալական ենթակառուցվածքներ

20-րդ դարի 90-ականներից Շեն ԲՀԿ-ն մեկնարկել է սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի իրականացումը: Կոնկրետ սոցիալական ծրագրի ընտրությունը հիմնվում է համայնքի հետագա տնտեսական զարգացման հեռանկարի վրա: Ինչպես հայտնի է Շեն ԲՀԿ-ի կողմից իրականացվող նախաձեռնությունների հիմնական սկզբունքը սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերում համայնքի կողմից ակնկալվող էական ներդրումն է: Հայաստանի գյուղական շրջաններում սոցիալական ենթակառուցվածքները սովորաբար ներառում են համայնքային կենտրոններ, մանկապարտեզներ, միջնակարգ դպրոցներ, խմելու ջրի մատակարարման ցանցեր, աղբահանության ծառայություններ և որոշ այլ ենթակառուցվածքներ, որոնք նպաստում են տեղի բնակչության ամենօրյա կարիքների բավարարմանը:

Հայաստանի գյուղերի համայնքային կենտրոններում սովորաբար կարող են տեղավորվել գյուղապետարանը, հանրային ժամանցի սենյակ(ներ)ը, հանդիսությունների դահլիճը, արվեստի բազմազան ակումբները, համակարգչային կենտրոնը և այլն: Համարյա բոլոր գյուղերում կան համայնքային կենտրոններ, որոնք հիմնականում կառուցվել են խորհրդային ժամանակաշրջանում: Սակայն անցած դարի 90-ականից սկսած, դրանք բոլորն էլ հիմնանորոգման կարիք ունեն:

Անկախությունից հետո գյուղերի մանկապարտեզները փոխանցվեցին գյուղապետարաններին: Սակայն սուղ միջոցների պատճառով, գյուղերի մանկապարտեզների մեծ մասը դադարեց գործել: Չգործող մանկապարտեզների շենքերը սկսեցին աստիճանաբար քայքայվել: Այդպիսով, շահառու շատ գյուղերում մանկապարտեզների վերանորոգումը և շահագործումը գյուղական շրջանների կանանց աշխատանք ունենալու հնարավորություն է տալիս: Այն շրջաններում, որտեղ ավելի զարգացած է գյուղատնտեսությունը կամ գոյություն ունի ոչ գյուղատնտեսական արդյունաբերություն, աշխատող կանայք կարող են վաստակել նույնքան, որքան՝ տղամարդիկ: Սա նշանակում է, որ երեխաների խնամքի հոգսից ազատված կանայք կարող են աշխատել և համալրել իրենց ընտանիքների եկամուտները:

Հայաստանի գյուղական շրջանների համար ամենասուր խնդիրներից մեկը խմելու ջրի հասանելիությունն է՝ մի շարք պատճառներով, որոնցից հիմնականը խողովակաշարերի քայքայված վիճակն է: Շեն ԲՀԿ-ն իր շահառու գյուղական համայնքներում իրականացնում է հին խողովակաշարերի վերակառուցման և/կամ նորերի կառուցման ծրագրեր, կենսաապահովման ամենատարրական ստանդարտներից մեկն ապահովելու նպատակով:

Շեն ԲՀԿ-ն ուշադրություն է դարձնում նաև աղքատ ընտանիքների երեխաների ժամանցին և կրթությանը: 1999թ. Շիրակի մարզի Եղնաջուր համայնքում ՇԵՆ ԲՀԿ-ի այդ նպատակով վերանորոգված դպրոցի շենքում հիմնադրեց մանկական ճամբար: Առ այսօր Շիրակի մարզի Գյումրի քաղաքի և այլ համայնքների տարեկան մոտ 150 երեխաներ իրենց հանգիստն են անցկացնում ճամբարում՝ վայելելով մաքուր օդը, առողջ սնունդը և զվարճանքով աշխատելով ֆերմայում:

Շատ համայնքներում երիտասարդությունը զբաղված է սեզոնային աշխատանքներում, ինչը նշանակում է, որ նրանք բավականաչափ ազատ ժամանակ ունեն: Այն առողջ և արդյունավետ դարձնելու նպատակով Շեն ԲՀԿ-ն կառուցում և/կամ վերանորոգում է գյուղերի մարզադահլիճները՝ այդպիսով զգալիորեն բարելավելով կյանքի որակը գյուղերում: Գյուղական համայնքներում մարզադահլիճների կառուցման/վերանորոգման օգտին խոսող ևս մեկ փաստարկ է այն, որ սպորտային ենթակառուցվածքների պակասի պատճառով գյուղերի երեխաները զրկված են իրենց ազատ ժամանակը վայելելու հաճույքից:

Գյուղական բուժկետերի կառուցումը կամ վերանորոգումը և դրանց ապահովումը սարքավորումներով, ինչպես նաև բուժքույրերին անհրաժեշտ ուսուցում անցնելը մշտապես եղել է Շեն ԲՀԿ-ի գերակայություններից մեկը:

2011թ.-ից սկսած, Փարիզի Ֆրանսահայ բժիշկների միությունը (UMAF) Շեն ԲՀԿ-ի աջակցությամբ տարին մեկ անգամ իրականացնում է «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը: Մինչ օրս ծրագրի շահառու են դարձել Արագածոտնի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերի բնակիչները: Ֆրանսիայից ժամանած բժիշկները տեղում պատրաստում և տրամադրում են ակնոցներ այն երեխաներին, որոնք մինչ այդ անցնում են տեսողության ստուգում: Ծրագրից օգտվում են նաև տարեց բնակիչները, որոնք ստանում են անվճար ակնոցներ: Ծրագրի իրականացման ընթացքում ակնոցներ են ստացել ավելի քան 1,500 երեխաներ և 8,000 մեծահասակներ: