Image

Սփյուռքի երիտասարդները Հայաստանի համար

Այսօր Հայաստանն ավելի, քան երբևէ ունի Սփյուռքի կարիքը։ 2020-ին պատուհասած երկու արհավիրքները՝ համաճարակն ու պատերազմը, ծանր ազդեցություն ունեցան հատկապես գյուղական համայնքների բնակիչների վրա։ Մարդկային կորուստներ, տնտեսական վիճակի վատթարացում, հուսահատություն․․․ Վերքերը դեռևս թարմ են, և թվում է, թե ոչնիչ չի կարող սփոփել ու մեղմել իրավիճակը․․․

AYO-ի օգնությունը․․․

Անտեսելով դժվարությունները՝ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում է իրականացնել իր բազմաբնույթ ծրագրերն է՛լ ավելի մեծ ջանքեր գործադրելով։ Ներկա իրավիճակում խնդիրները համայնքներում բազմապատկվել են, և յուրաքանչյուր օգնություն մեծ նշանակություն է ունենում։ Ավելի ոգևորիչ է, երբ օգնությունն ստանում ես Սփյուռքից՝ հատկապես երիտասարդներից, ինչը Շենը մշտապես կարևորում է։

Այս տարի մեզ օգնության ձեռք մեկնեց ֆրանսիական AYO Հայկական երիտասարդական կազմակերպությունը, որն ավելի քան 100 տարվա պատմություն ունի։ Վերջին 10 տարիներին կազմակերպության երիտասարդներն ամեն տարի այցելում են Հայաստանի մի համայնք և իրենց ուժերով նորոգում դպրոց կամ մանկապարտեզ։ Երիտասարդ կամավորներն այս անգամ միացան մեզ  Լոռու մարզի Շենավան համայնքում շուրջ 30 տարի չգործող մանկապարտեզի վերանորոգմումը կազմակերպելու համար։ Նրանք տրամադրեցին իրենց հավաքած ֆինանսական միջոցներն ու անմիջական մասնակցությունը։

Մեր գյուղը լցվեց արևով․․․

«Պատերազմից հետո մեր գյուղում ունեցանք զոհեր, որից հետո մեր գյուղը մռայլվեց ու ոչ մեկի դեմքին ժպիտ չկար, երեխաները չէին հավաքվում․․․ բայց մեր ֆրանսիացի կամավորների գալուն պես մեր գյուղը լցվեց արևով», - պատմում են շենավանցի երիտասարդները։

Այս ամենին նպաստեց նաև այն, որ վերանորոգման աշխատանքներին զուգահեռ, AYO-ի կամավորները նաև 3-շաբաթյա ճամբար կազմակերպեցին, որի շրջանակներում շենավանցի երեխաներն զբաղվում էին տարբեր խաղերով, նկարչությամբ, սովորում էին ֆրանսերեն ու հայերեն էին սովորեցնում ֆրանսիացի կամավորներին։ Այո՛, ֆրանսիացի, քանի որ ժամանած 14 կամավորներից միայն 7-ն էր ֆրանսահայ, իսկ մյուս 7-ը՝ Հայաստանով հետաքրքրված ֆրանսիացիներ էին։

«Ես հայ դասընկերուհիներ ունեի և որոշեցի գալ, կամավորել, որ ճանաչեմ Հայաստանը։ Հայերի ջերմությունը և հյուրասիրությունը շատ սիրեցի։ Կարծես՝ իրենց ընտանիքի անդամը լինեմ։ Ճիշտ է, մեծ նվերներ ու գումար չենք բերել նրանց համար, բայց տեսնում ենք, որ հենց այս շփումն է պետք երեխաներին», - պատմում է ֆրանսիացի կամավոր Էլիզաբեթը։

Ես հաստատ էլի կգամ․․․

Մեր գործունեության երկար տարիների ընթացքում, բազում առիթներ ենք ունեցել սփյուռքահայ երիտասարդների հետ համագործակցելու։ Համայնքներում բազմաթիվ ծրագրերի իրականացմանը նրանց ներդրումն ու օգնությունը միշտ գնահատելի և կարևոր է եղել։ Համայնքներն էլ իրենց հերթին միշտ ջերմությամբ են ընդունել թե՛ անհատ կամավորներին, թե՛ խմբերին։

«Մեզ այստեղ այնպես են ընդունում, կարծես, գյուղի բնակիչներ լինենք։ Պետք է միշտ այսպիսի գործեր անենք հայ երեխաների համար։ Ես հաստատ էլի կգամ որպես հայ իմ պարտականությունն է գալ և օգտակար լինել հայրենիքին», - ասում է ֆրանսահայ կամավոր Ռոմանը։

Ռոմանը հաստատ էլի կգա, իսկ մենք «Շեն» ԲՀԿ-ում պատրաստ ենք ընդունել իր նման կամավորների ողջ Սփյուռքից, եթե նրանք ուզում են ներգրավվել մեր ծրագրերում և օգտակար լինել Հայաստանի համայնքներին իրենց գործով։

Image

 

 

Appel pour aide

 

Support

Faire un don

 

Faire un don