«Ինտենսիվ այգեգործություն» գործնական դասընթաց Վարդենիսում
Շվեյցարական ՀԷԿՍ-ԷՊԵՌ կազմակերպության աջակցությամբ «Շեն» ԲՀԿ-ի կողմից իրականացվող «Պտղաբուծության շուկայի զարգացում Վարդենիսի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում «Հարությունյան եղբայրներ» ՍՊԸ պատկանող արդիական պտղաբուծական տնտեսությունում կազմակերպվեց գործնական դասընթաց «Ինտենսիվ պտղաբուծություն» թեմայով։
Դասընթացի մասնակիցները 21-ն էին։ Նրանց թվում էին շահառու մարկետինգային խմբերի անդամները, ինչպես նաև Վարդենիսի «Բադեյանի» պետական քոլեջի գյուղատնտեսական ուղղվածության ուսանողները:
Մասնակիցներին ներկայացվեցին ինտենսիվ պտղաբուծության տեսական հիմունքները: Այնուհետև նրանք ծանոթացան ոռոգման կաթիլային համակարգին և ուսումնասիրեցին հակակարկտային ցանցերի տեսակները։ Դասընթացավարը տվեց նաև այգում ներկայացված տանձի ինտենսիվ սորտերի մանրամասն նկարագրություն:
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվեցին նաև նյութեր «Ինտենսիվ պտղաբուծություն» թեմայով և «ՀՀ-ում մշակվող տանձենու սորտերը» տեղեկատու գրքույկ: