Նոր մրգային ալկոհոլային խմիչք հայկական շուկայում
«Շեն» և «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպությունների կողմից Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում իրականացվող «Պտղաբուծության շուկայի զարգացում» ծրագրի շրջանակում 2020թ.-ի դրամաշնորհի հաղթողներից էր նաև Հենրիկ Կարապետյանը՝ մրգային օղիների արտադրամասի կառուցման ծրագրով: Ծրագրի միտքը պատկանում է Արմեն Կարապետյանին։ Նա ծնվել և մեծացել է Վարդենիսում: Բարձրագույն կրթություն ստանալով Երևանում՝ 1997 թվականին մեկնել է Ֆրանսիա և մինչև 2019 թվականը բնակվել է Նորմանդիայի տարածաշրջանում։ Նորմանդիան հանդիսանում է շատ հայտնի Կալվադոս խմիչքի հայրենիքը։ Երկար տարիներ ապրելով Կան քաղաքում՝ Արմեն Կարապետյանը բազմաթիվ անգամ առիթ է ունեցել ավելի մոտիկից ծանոթանալու Կալվադոսի արտադրական պրոցեսներին, նաև վճարովի դասընթացներ է անցել հենց օղիների արտադրամասերում։ 2019 թվականին վերադառնալով Հայաստան՝ համախմբել է երիտասարդ գործընկերների՝ ստեղծելով ամուր ընկերական խումբ, վարակել իր գաղափարներով և որոշել գործունեություն ծավալել հայրենի ծննդավայրում։ Նպատակ էր դրված ստանալ բարձր որակի և փաթեթավորմամբ խմիչք, որն արտադրվելու էր Վարդենիս քաղաքում՝ հետագայում հաջողություն ունենալով և ճանաչելի դարձնելով Վարդենիսն ու Հայաստանը։ Խմիչքն արտադրվելու էր բացառապես բնական ճանապարհով և տեղական մրգերից։ Նորմանդիայից բերված տեխնոլոգիային ավելացվելու էր հայկական լեռնաշխարհի բնությունից վերցված համն ու հոտը՝ ստանալով Հայաստանից՝ մասնավորապես Վարդենիսից ծնված, բոլոր խմիչքներից տարբերվող, բացառապես բնական ճանապարհով ստացված յուրահատուկ համով վերջնական արդյունք։ Գործունեության առաջնային նպատակներից էր նաև հենց գյուղացիների այգիներից մթերել խնձորը և խրախուսել նոր այգիների ստեղծմանը։ Ծրագրի օժանդակությամբ Արմենի երազանքը իրականություն է դառնում:Այսօր արդեն իսկ արդյունքներն ակնառու են. հայկական շուկայում առկա է նոր մրգային ալկոհոլային խմիչք՝ «ՏԱՏԵՈՆ» անվամբ:Ծրագիրն ամեն տարի տրամադրում է դրամաշնորհներ պտղաբուծության ոլորտի հետևյալ ուղղություններով՝ պտղի վերամշակում՝ չոր մրգերի արտադրություն, հյութերի և պահածոների պատրաստում, հետբերքահավաքային պահպանություն` սառնարանային տնտեսություններ, մթերման կետեր և այլն: