Մեր պատմությունը
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը (ԲՀԿ) հիմնադրվել է 1988 թ.-ին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մի խումբ դասախոսների և ուսանողների կողմից` Հայաստանի մարդասիրական որոշ հրատապ խնդիրների լուծման նպատակով: Այդ ժամանակից ի վեր մենք մասնակցել ենք Հայաստանի ավելի քան 370 գյուղական համայնքների զարգացման աշխատանքներին, որոնք ներառել են գյուղական համայնքների զարգացման գրեթե բոլոր փուլերը․
Մարդասիրական օգնություն,
Գյուղերի համապարփակ զարգացում,
Գյուղական համայնքներում ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնում,
Համայնքային զարգացում տեղի ռեսուրսների օգտագործման միջոցով,
Արժեշղթաների զարգացում «Շուկաներն ի շահ աղքատների» (M4P) մոտեցման միջոցով,
Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացում:
Զարգացմանն ուղղված մեր բոլոր ծրագրերի անկյունաքարը երկարաժամկետ կայունությունն է, որը մեր տեսլականն է կազմակերպության հիմնադրման և Հայաստանի ավելի քան 370 գյուղական համայնքներում մեր բոլոր գործողությունների իրականացման օրվանից: Վերջին տասնամյակի ընթացքում մեր տնտեսական զարգացման ծրագրերում (M4P ծրագրեր) կիրառել ենք «համագործակցության միջոցով առաջնորդելու» մոտեցումը (facilitative leadership approach)՝ հաշվի առնելով առաջարկի և պահանջարկի, այսինքն՝ շուկայի օրենքների կենսական դերը գյուղական բնակչության եկամուտների ստեղծման գործում: Դա իրականացրեցինք մեր քույր հասարակական կազմակերպության՝ Շեն Ֆրանսիայի, Յալկեզեան հիմնադրամի և հայկական սփյուռքի մի շարք այլ կազմակերպությունների զգալի աջակցությամբ: Ցանկանում ենք նաև երախտագիտություն հայտնել մեր հովանավորներին, քանի որ առանց նրանց առատաձեռն ներդրման չէինք կարողանա իրականացնել մեր ծրագրերը:
Մեր գրեթե բոլոր ծրագրերը ներառում են կարողությունների զարգացման բաղադրիչներ, որոնց նպատակն է շահառուներին նվազագույն անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների փոխանցումը ծրագրերի հետագա կայունությունն ապահովելու համար: Մենք նաև դրական փորձ ենք ձեռք բերել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մոդելի շրջանակներում խոշոր ընկերությունների հետ համագործակցության առումով (օրինակ՝ Օրանժ, Ֆրանս Տելեկոմ):
Մեր տեսլականը
Վստահելի գործընկեր դառնալ խոցելի գյուղական համայնքների համար՝ սատարելով կյանքը բարելավելու նրանց ձգտումներին:
Մեր առաքելությունը
Խթանել հեռավոր խոցելի գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը և հզորացումը համայնքի անդամների ակտիվ ներգրավմամբ: Համայնքները գրավիչ դարձնել կյանքի և աշխատանքի համար՝ հետևյալ քայլերի միջոցով.
- Նոր գիտելիքների և հմտությունների փոխանցում,
- Շահերի պաշտպանություն և ջատագովություն ի նպաստ օրենսդրության և քաղաքականությունների բարելավման,
- Նոր աշխատատեղերի խթանում,
- Համայնքային ենթակառուցվածքների բարելավում,
- Համայնքային կազմակերպությունների հզորացում
- Ագրոանտառային նախաձեռնությունների ներդրում և խթանում։
Մեր արժեքները
- Համայնքի ներգրավում,
- Արհեստավարժ և նվիրված անձնակազմ,
- Թափանցիկ հարաբերություններ գործընկերների և շահառուների հետ,
- Ուժեղ ներկայություն տեղերում
Մեր նպատակները
- Օրենսդրության և հանրային քաղաքականությունների բարելավում ջատագովության և շահերի պաշտպանության միջոցով
- Տնային տնտեսությունների անցում բնամթերային գյուղատնտեսությունից դեպի ապրանքային գյուղատնտեսական արտադրության (այդ թվում՝ օրգանական)
- Գյուղատնտեսական ակտիվների արտադրողականության բարձրացում՝ շեշտը դնելով բարձրարժեք մշակաբույսերի վրա
- Գյուղատնտեսական կայուն արժեշղթաների զարգացում
- Համայնքային կազմակերպությունների ներգրավում բարելավման գործընթացին
- Շահավետ ոչ-գյուղատնտեսական ձեռնարկատիրական նախաձեռնություններ
- Համայնքների սոցիալական ենթակառուցվածքների վերականգնում
- Շրջակա միջավայրի պաշտպանություն