Փոխայցելություն Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքում գործող ««Ռոզա 1» բարձրարժեք պանրի արտադրության» կոոպերատիվ
Սույն թվականի հունիսի 15-ին «Աջակցություն Մեղրաշեն և Մեղրաշատ գյուղերի զարգացմանը» ծրագրի շրջանակում շահառու Մեղրաշատ համայնքի նոր կազմավորված կոոպերատիվի անդամների համար կազմակերպվեց փոխայցելություն Խաչաղբյուր համայնքում գործող ««Ռոզա 1» բարձրարժեք պանրի արտադրության» կոոպերատիվին պատկանող կաթի հավաքման և վերամշակման արտադրամաս: Այս կոոպերատիվի աշխատանքը կաթի հավաքման, պանրի արտադրության և պանրի վաճառքի արդյունավետ փորձի ներկայացման լավագույն օրինակներից է:Կոոպերատիվի ղեկավար Պետրոս Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց կովից մինչև պանրի արտադրության շղթայի առանձնահատկությունները, մթերման ընթացքում առկա խնդրիներն ու մարտահրավերները: Այնուհետև ներկայացվեց պանրի արտադրության բոլոր օղակներն առանձին-առանձին. ինչպիսի ճանապարհ է անցնում կաթը՝ դառնալով բարձրարժեք պանիր: Մասնակիցներին ներկայացվեց աղաջրի վաննաների պատրաստումը, պանրի փաթեթավորումը, պահպանումը և այլն: Մասնակիցների կողմից տրվեցին բազմաթիվ հարցեր՝ որակի հավաստագրի ձեռքբերման, կարագի արտադրության, կաթի մեջ յուղի նորմալացման, փաթեթավորման, բակտերիալ կուլտուրաների օգտագործման, գունանյութերի օգտագործման, վաճառքին առնչվող և այլ հարցեր, որոնց կոոպերատիվի նախագահը տվեց հանգամանալից և գոհացնող պատասխաններ: Փոխայցելության նպատակն էր ոչ միայն բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը, այլև հավատը, որ կոոպերատիվը կարող է հաջողակ և եկամտաբեր աշխատել և նպաստել համայնքի զարգացմանը: