Image

Հզորացնում ենք Շենավանը

Հայաստանի շատ համայնքների նման Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին գտնվող Շենավան համայքն էլ ունի բազում խնդիրներ։ Սակայն կարևորն այն է, որ համայնքի ղեկավարությունն ու բնակչությունը պատրաստակամ են դրանք հաղթահարելու։ Մեր մեծահոգի շնորհատուների շնորհիվ այս տարի մեկնարկեցինք «Աջակցություն ՀՀ Լոռու մարզի Շենավան համայնքի համալիր զարգացմանը» ծրագիրը՝ իրականացնելով բարեփոխումներ մի քանի ուղղություններով՝ կրթություն, մշակույթ, ջրամատակարարում և կանաչապատում։

Մանկապարտեզը

Շենավանի նախադպրոցական տարիքի 25 փոքրիկները մանկապարտեզ գնալու հնարավորություն չունեին։ Այս պատճառով նաև փոքրիկների մայրիկները չէին կարողանում  աշխատանքի հաճախել կամ գյուղատնտեսությամբ զբաղվել։

Ֆրանսիական AYO կազմակերպության (Հայկական երիտասարդական կազմակերպություն) հետ համատեղ ջանքերով հիմնանորոգում ենք դեռևս 1988 թ-ի երկրաշարժից հետո կառուցված մանկապարտեզի շենքի 4 կորպուսներից 1-ը և կահավորում համապատասխան գույքով։

Համայնքը ևս անմասն չի մնում՝ սեփական ուժերով կազմակերպելով հիմնանորոգման աշխատանքները։ Իսկ համայնքի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համայնքային բյուջեից մանկապարտեզի շահագործման և պահպանության համար միջոցներ հատկացնել։

Սպորտդահլիճն ու պարասենյակը

Շենավանի երեխաներից 23-ը հաճախում են սպորտի, իսկ 22-ը՝ պարի։ Ի դեպ, պարարվեստի խմբակը բավականին ակտիվ է երեխաները մասնակցում են տարբեր միջոցառումների ու մարզային փառատոնների։ Եվ սա այն դեպքում, երբ մարզադահլիճն ու պարասենյակը կիսավեր ու ոչ բարվոք վիճակում են գտնվում։

Երկու ոլորտներում էլ երեխաների համար ավելի մեծ հաջողություններ երաշխավորելու նպատակով մենք սկսեցինք ֆինանսավորում հայթայթել վերանորոգումը կազմակերպելու համար։ Հատկապես ոգևորիչ էր այն, որ այս դեպքում էլ համայնքը պատրաստակամ է աջակցելու։

Ոռոգման բարելավում

2,6 կմ երկարությամբ ջրագծի կառուցումը կօգնի առանց ուշացումների և ջրի կորուստների իրականացնել Շենավան համայնքի ցանքատարածությունների ոռոգումը։

Ջրագծի կառուցումն իրականացվում է ՀՀ Կառավարության կողմից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, իսկ մենք «Bread For the World» կազմակերպության աջակցությամբ ապահովել ենք համայնքի՝ ծրագրում համաֆինանսավորման համար չբավականացնող գումարը:

Համայնքի 146 տնտեսությունների եկամտի աղբյուրը 52 հա մակերես ընդգրկող «Բաղեր» կոչվող հողատարածքներն են և 134 հա կազմող տնամերձ հողամասերը։ Այս ջրագծի անխափան աշխատանքի շնորհիվ բնակիչները կստանան բերքի ավելի բարձր քանակ և որակ։

Կանաչապատ տարածքների ընդլայնում

Շենավանի առաջնահերթ կարիքներից է նաև կանաչ տարածքների բացակայությունը։ Համայնքի նախաձեռնությամբ՝ մենք 500 տնկի տրամադրեցինք մանկապարտեզի բակում, գլխավոր մայրուղուց դեպի գյուղ բարձրացող ճամփեզրերին և համայնքի գերեզմանատանը կանաչապատում իրականացնելու համար։

Այս տարվա գարնանը Շենավան համայնքում իրականացվեց ծառատունկ։ Տնկիները տնկվեցին հենց համայնքի երիտասարդների ակտիվ մասնակցությամբ, այսպիսով նրանց ուշադրությունը բևեռելով բնապահպանական հարցերի վրա և հոգատարություն սերմանելով դեպի շրջակա միջավայրը։

Մեր հավատարիմ շնորհատուների աջակցության շնորհիվ վերը նշված ծրագրերի իրականացման արդյունքում Շենավան համայնքի 545 բնակիչներն այսուհետ կօգտվեն բարելավված ոռոգման համակարգից, վերանորոգված կրթական, մշակութային ու սպորտային ենթակառուցվածքներից, ինչպես նաև կունենան ավելի կանաչապատ ու գեղեցիկ համայնք։

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել