«Հաց աշխարհին» կազմակերպության ներկայացուցիչները «Շեն»-ում
«Հաց աշխարհին» գերմանական կազմակերպության հովանավորությամբ 2020-2022 թթ․-ին «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունն իրականացրեց «Ներառական գյուղական կոոպերատիվների զարգացումը, ենթակառուցվածքների բարելավումը և համայնքային կազմակերպությունների կարողությունների զարգացումը» ծրագիրը Արագածոտնի, Լուռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի մարզերում և Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում։
Ծրագրի ավարտին հունիսի 7-ին հյուրընկալեցինք «Հաց աշխարհին» կազմակերպության Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ծրագրերի բաժնի ղեկավար Իլոնկա Բոլցեին, կադրերի արտագնա նշանակումների ծրագրի ղեկավար Կլաուդիա Հինդերերին և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ծրագրերի պատասխանատու Քիմ Քվիբուկային։
Այցելության սկզբում վերջիններս այցելեցին «Շեն»-ի գլխավոր գրասենյակ։ Թիմի հետ ծանոթանալուց և կազմակերպության ընդհանուր գործունեությունը, ինչպես նաև ռազմավարական ուղղությունների ապագան ու նախատեսվող ծրագրերը քննարկելուց հետո ներկայացրեցինք միասին իրականացրած ծրագրի մանրամասները և դրա ազդեցությունը համայնքների վրա։
Գլխավոր գրասենյակում տեղի ունեցած հանդիպումից հետո հյուրերն ուղևորվեցին Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր՝ տեղում ծանոթանալու ծրագրի շահառուների հետ և տեսնելու արդյունքները։ Նրանք հատկապես տպավորված էին Աղնջաձորի՝ պանրի արտադրության և Շաղատի՝ ավելուկի մշակման կոոպերատիվներով։
Սա «Հաց աշխարհին» կազմակերպության հետ իրականացվող միակ ծրագիրը չէ։ 2021 թ․-ին միասին մենք նաև մեկնարկել ենք «2020 թվականի Արցախյան պատերազմի արդյունքում բռնի տեղահանված արցախցիների սոցիալ-տնտեսական աջակցություն» ծրագիրը։ Բոլոր ծրագրերի դրական արդյունքները բավականին տեսանելի են, և մենք լիահույս ենք, որ համագործակցությունը կշարունակվի դեռ երկար տարիներ։