«Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական ծրագրի մեկնարկը Շիրակի մարզում
Ֆրանսիայի Հայ Բժիշկների Միությունը (UMAF) համագործակցելով «Շեն» ԲՀԿ հետ տարիներ շարունակ իրականացնում է ծրագրեր Հայաստանի գյուղական համայնքներում, որոնց նպատակը գյուղաբնակների առողջական խնդիրների բացահայտումն ու լուծումն է։ Այս տարի «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական ծրագիրը կրում է «Լավ տեսնենք լավ մեծանալու համար» կարգախոսը։ Այն ուղղված է 4-14 տարեկան երեխաների տեսողական խնդիրների հայտնաբերմանն ու ըստ անհրաժեշտության ակնոցների տրամադրմանը։
Մարտի 21-23-ին Ֆրանսիայից Շիրակի մարզ այցելեցին բժիշկներ Լևոն Արթինյանը և Պետրոս Օհանյանը և մեկնարկեցին ծրագրի առաջին փուլը։ Բժիշկները հանդիպումներ ունեցան Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլի Ասլանյանի, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ ակնաբույժ Ռուզաննա Ավետիսյանի, Գյումրիում գործող օպտիկական ծառայության մասնագետների հետ։ Հանդիպումների ընթացքում պատասխանատուներին ներկայացրեցին ծրագրի մանրամասները, քննարկեցին մարզում առկա մանկական ակնաբուժական խնդիրներն ու երեխաների մոտ առկա տեսողական պաթոլոգիական բարձր ցուցանիշները։
Հաջորդիվ տեղի ունեցան բուժքույրերի ուսուցումները։ Դասընթացների կազմակերպմանն աջակցեցին Ամասիայի և Անիի համայնքապետարանները, Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը։ Մասնակցեց 18 բուժքույր Ամասիա համայնքի 17 բնակավայրից և 15 բուժքույր Անի համայնքի 15 բնակավայրից։ Դասընթացի տեսական փուլում բուժքույրերը ծանոթացան երեխաների մոտ տեսողական խնդիրների վաղ հայտնաբերման կարևորությանը, առաջնային զննության տեխնիկաներին, ապա գործնականում փորձեցին կատարել զննություն։ Ոգևորող էր բոլոր մասնակից բուժքույրերի պատրաստակամությունն ու պատասխանատվության գիտակցումը՝ կապված խնդրի առաջնահերթության հետ։
Վերապատրաստված բուժքույրերը ապրիլ ամսին իրենց բնակավայրերի 4-14 տարեկան բոլոր երեխաների համար կիրականացնեն առաջնային զննություն։ Խնդիրներ ունեցող երեխաները օգոստոս ամսին կանցնեն ֆրանսահայ բժիշկ-ակնաբույժների մասնագիտական զննություն Շիրակի մարզում։ Ըստ անհրաժեշտության՝ երեխաներին կտրամադրվեն ակնոցներ։ Բոլոր տեսակի զննությունները և ծառայությունները կամավոր են՝ ծնողի համաձայնությամբ, և անվճար։