Հայրենիքի կանչով կամ Լոս Անջելեսից Մեղրաշատ
Շիրակի մարզի Ամասիա համայնքի Մեղրաշատ գյուղը դարձել է «Դեպի Հայք» կազմակերպության կամավորների սիրելի վայրը։
Մեղրաշատի պանրարտադրողները
Բացի այն, որ երիտասարդների համար հետաքրքիր է գյուղական կյանքը, կարևոր է նաև չեչիլ պանիր արտադրող կանանց «Հյուսիսի պանիր» կոոպերատիվի առկայությունը գյուղում։ Այս կոոպերատիվի գրանցմանը և հաջողություններին մեծապես նպաստել է 2020-2021 թթ․ «Շեն» ԲՀԿ կողմից «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացված «Աջակցություն Մեղրաշատ գյուղի զարգացմանը» ծրագիրը։
Կոոպերատիվի ամենօրյա ակտիվ գործունեությունը և սահմանին այդքան մոտ գտնվելով բարիք ստեղծելն անչափ գրավիչ են սփյուռքահայ երիտասարդների համար։ 2022 թվականի ընթացքում կոոպերատիվում կամավորական աշխատանք է իրականացրել սփյուռքահայ երիտասարդների երկու խումբ։ Իսկ նոյեմբեր ամսին այդ նպատակով Լոս Անջելեսից ժամանեց նաև Նոյեմի Ամարքարյանը։ Նրա քույրը՝ Արիելը, եղել էր նախորդ կամավորական խմբերից մեկում։
Կամավոր քույրերը
Նոյեմին մասնագիտությամբ խոհարար է, աշխատել է Լոս Անջելեսի մեծ ռեստորաններում, իսկ Արիելը, համալսարանում ուսումնասիրում էր համաշխարհային մշակույթ։ Դուստրերի դրական տպավորություններն ու կարծիքը Մեղրաշատ բերեցին նաև Նոյեմիի ու Արիելի մայրիկին, ով ժամանեց Հայաստան կոոպերատիվի արտադրած չեչիլը համտեսելու, կոոպերատիվի նախագահ Արմինե Ադամյանի ընտանիքում հյուրընկալվելու և հայկական գյուղի մայրամուտն ու լուսաբացը վայելելու համար։
Վերադարձի երազանքով
Մարտի վերջին, երբ արդեն մոտենում էր Նոյեմիի կամավորության ժամկետի ավարտը, Գյումրի-Մեղրաշատ ճանապարհը նա թախծոտ հայացքով էր անցնում։ «Այս տեսարանները՝ սարերը, դաշտերը, ինձ հանգստություն են տալիս. չեմ սիրե Լոս Անջելեսը...»,- ասում էր ԱՄՆ-ում ծնված և մեծացած, բայց հայերեն խոսող և մտածող, հայրենիքից կտրված, բայց արմատներից չպոկված աղջիկը։
Նոյեմին վերադառնալու է նահանգներ, բայց կարծում է, որ այդ «վերադարձը» ժամանակավոր կլինի, քանի որ իր երազանքը մշտական վերադարձն է հայրենիք։ Նոյեմին երազում է Մեղրաշատում ֆերմա հիմնել, իսկ թե իր ֆերմայի կաթը ով է մթերելու՝ թերևս մտահոգվելու առիթ չունի։