«AYO»-ն կվերանորոգի Հովիտի մարզադահլիճը
2023 թվականի մայիսին Ախուրյան համայնքի Հովիտ գյուղում մեկնարկեց «Հովիտի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերանորոգում և կահավորում» ծրագիրը: Այն իրականացվում է ֆրանսիական «AYO» Հայկական երիտասարդական կազմակերպության համաֆինանսավորմամբ և կամավորների աջակցությամբ։
Ամեն ինչ սկսվեց Շենավանից
Մեր համագործակցությունն «AYO»-ի հետ սկսվել է 2021 թվականից։ Համատեղ աշխատանքի շնորհիվ Լոռու մարզի Շենավան գյուղում վերանորոգել և շահագործման ենք հանձնել միակ մանկապարտեզը 2021 թվականին և պարասրահն ու սպորտդահլիճը՝ 2022 թվականին։ Գյուղի բնակիչները՝ հատկապես երեխաներն, ուրախությամբ են հիշում «AYO»-ի կամավորների հետ անցկացրած օրերն իրենց գյուղում։ Նրանց յուրաքանչյուր այց գյուղում իսկական տոնի էր վերածվում։ Այս անգամ «AYO»-ի կամավորներին սպասում են Հովիտում։
Ինչու՞ Հովիտ
Հովիտը Շիրակի մարզի Ախուրյանի խոշորացված համայնքի մի փոքր բնակավայր է և հարևան բնակավայրերի համեմատ արտագաղթի ավելի փոքր ցուցանիշ ունի։ Չնայած սոցիալ-տնտեսական դժվարություններին, երիտասարդները սիրում են իրենց գյուղը, չեն մեկնում արտագնա աշխատանքի և մնում են իրենց ընտանիքների հետ: Նրանք ոգևորվում են յուրաքանչյուր ծրագրով, որը նպաստում է իրենց գյուղի զարգացմանը։
Հովիտի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1936 թվականին և երկար տարիներ ծառայել է համայնքին որպես միակ մշակութային, մարզական և կրթական հաստատություն, որտեղ կրթվել են բազմաթիվ սերունդներ։ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո դպրոցը երկար տարիներ գտնվում էր կիսավեր վիճակում։ Այն կրկին շահագործման է հանձնվել 1997 թվականի վերակառուցումից հետո։
Մինչ այժմ դպրոցը հիմնանորոգման չի ենթարկվել, և մշտական շահագործման պատճառով դպրոցի շենքն ու կահույքը հնացել են, մաշվել։ Դպրոցն ընդհանուր ջեռուցման համակարգ չունի։ Ջեռուցումն իրականացվում է էլեկտրական տաքացուցիչների միջոցով, ինչի պատճառով դասարաններում և մարզադահլիճում չի պահպանվում անհրաժեշտ ջերմաստիճան։ Էլեկտրական տաքացուցիչները երկար ժամանակ միացնելու դեպքում էլեկտրական լարերը հալչում են՝ առաջացնելով հրդեհ։ Բարեբախտաբար, Լիտվայի դեսպանատան ներդրումների շնորհիվ դպրոցում տեղադրվել է 30 կՎտ հզորությամբ արևային մարտկոց, որը կթեթևացնի էլեկտրաէներգիայի հետ կապված իրավիճակը։
Ավելի քան 20 տարվա գործունեության ընթացքում մի շարք խնդիրներ են առաջացել նաև դպրոցի մարզադահլիճում։ Նոր մարզագույքի և կահույքի ձեռքբերման կարիք կա։ Օգտագործման ենթակա չեն նաև մարզասրահի սանհանգույցները։
Դպրոցի մարզադահլիճը կվերանորոգվի
Դպրոցի մարզադահլիճը սպասարկում է դպրոցի 55 աշակերտներին։ Դպրոցական պարապմունքներից հետո Գյումրու մանկապատանեկան համալիրի մարզադպրոցի երեխաներն ու պատանիներն այստեղ սամբոյի մարզումներ են անցկացնում։ Այս մարզումների շնորհիվ նրանցից ոմանք վաստակել են պատվավոր տեղեր աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։
Ֆիզիկական դաստիարակությունը մեծ նշանակություն ունի սովորողների անհատականության ձևավորման, նրանց ներդաշնակ ֆիզիկական զարգացման, մտավոր առաջադիմության, բարոյահոգեբանական որակների և արժեքների ձևավորման գործում։ Հովիտի միջնակարգ դպրոցի աշակերտները ոչ միայն ֆիզկուլտուրայի դասերն են անցկացնում դպրոցի մարզադահլիճում, այլև պետական կրթական ծրագրի պարտադիր մաս հանդիսացող Նախնական զինվորական պատրաստության դասաժամերի մի մասը։ Ուսումնական բոլոր չափանիշներին համապատասխանելու համար դպրոցի մարզադահլիճը պետք է ունենա բոլոր անհրաժեշտ պայմանները և սպորտային կահավորումը:
«AYO»-ի կամավորներն անցան գործի
Դպրոցի անձնակազմը, ինչպես նաև աշակերտներն ու նրանց ծնողները օգնում և աջակցում են յուրաքանչյուր նոր նախաձեռնության իրականացմանը, խնամքով պահպանում դպրոցի շենքն ու գույքը։ Նրանք պատրաստ են մասնակցել մարզադահլիճի վերանորոգման աշխատանքներին։ Բացի այդ, վերանորոգման ավարտից հետո համայնքը ձեռք կբերի կահույք։
Վերանորոգման աշխատանքները սկսվել են 2023 թվականի մայիսի 12-ին` համայնքի բնակիչների ուժերով։ Հուլիսի 21-ին նրանց միացան «AYO»-ի կամավորները։ Նրանք կօգնեն վերանորոգման աշխատանքներում մինչև օգոստոսի 12-ը։ Ինչպես Շենավանում, ֆրանսիացի կամավորները ոչ միայն կմասնակցեն վերանորոգման աշխատանքներին, այլև տարբեր խմբակներ ու խաղեր կկազմակերպեն՝ Հովիտի երեխաների ամառային օրերն ավելի վառ դարձնելով։