Լանջիկի դպրոցի ջրամատակարարման և խմելու ջրի հասանելիության ապահովում
Լանջիկը, ինչպես համայնքի մյուս բնակավայրերը, խմելու ջուրն ստանում է տարածքի միակ ջրամբարից, որի հզորությունը բավարար չէ 936 հոգանոց բնակչությանը շուրջoրյա ջրամատակարարմամբ ապահովելու համար։ Գյուղի համար նորակառույց ջրամբարի տարողությունը 150 մ³ է։ Ջրամբարում ջուրը հավաքվում է Արագածից եկող ինքնահոս ջրերի հաշվին, սակայն քանակը բավարար չէ ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար։ Արդյունքում գյուղում ջրամատակարարումն իրականացվում է հատուկ գրաֆիկով՝ երկու օրը մեկ 3-4 ժամ տևողությամբ։
Լանջիկի դպրոցը հիմնադրվել է 1902 թվականին, իսկ ներկայիս շենքում այն գործում է 1990 թվականից։ Դպրոցը տիպիկ երկհարկանի շենք է՝ նախատեսված շուրջ 350 աշակերտի համար։ Ներկայումս դպրոցն ունի 120 աշակերտ։ Սակայն հաշվի առնելով դպրոցների համախմբման պետական ծրագիրը և գյուղում ծնելիության աճը՝ ակնկալվում է, որ առաջիկա տարիներին դպրոցականների թիվը զգալիորեն կաճի։
Դպրոցի սանհանգույցն ամբողջովին վերանորոգված ու կահավորված է։ Սակայն շուրջօրյա ջրամատակարարման բացակայությամբ պայմանավորված դպրոցի ներքին ցանցը և ջրահեռացման համակարգը գրեթե չեն գործում: Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է տեղադրել ջրի բաքեր, որտեղ կհավաքվի անհրաժեշտ քանակությամբ ջուր՝ դպրոցում դասերի ընթացքում ջրամատակարարումն ապահովելու համար։ Պահեստավորված ջուրն անկորուստ և համապատասխան որակով աշակերտներին հասցնելու համար անհրաժեշտ է նաև վերանորոգել ներքին ցանցի որոշ հատվածներ և ապահովել ջրահեռացման պատշաճ պայմաններ։