Image
SDC Visit to Shenavan_Cover Photo

Շվեյցարական համագործակցության գրասենյակի պատվիրակությունը Շենավանի ագրոանտառում

Image
SDC Visit to Shenavan

Հունիսի 10-ին «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության աշխատակիցները Շենավանի ագրոանտառ ուղեկցեցին Հայաստանում շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլիին և ազգային ծրագրերի ավագ համակարգող Արթուր Փոքրիկյանին։ Ագրոանտառում մեզ դիմավորեցին Շենավան բնակավայրի վարչական ղեկավար Մխիթար Մխիթարյանը և բնակիչները։

Image
SDC Visit to Shenavan

Շենավանի ագրոանտառն առաջինն է Հայաստանում։ Այն հիմնվել է այս տարի՝ ֆրանսիական «Ծառ քեզ համար» (A Tree For You) կազմակերպության ֆինանսավորմամբ և համայնքի ակտիվ մասնակցությամբ` «7 հա տարածքի ագրոանտառաբուծական վերականգնում Շենավանում» երկամյա ծրագրի շրջանակում։

Image
SDC Visit to Shenavan

«Շեն»-ի աշխատակիցները հյուրերին ներկայացրեցին ծրագրի մանրամասները և տեղում ծանոթացրեցին կատարված աշխատանքներին։ Դեռևս ապրիլին ագրոանտառի տարածքը ցանկապատվել է արածեցումից խուսափելու նպատակով։ Տնկման աշխատանքներում ներգրավված համայնքի բնակիչներն անցել են համապատասխան նախապատրաստական դասընթացներ։ Տնկվել է 7500 տնկի, որոնցից 1500-ը՝ բարդի, 1800-ը՝ տխիլ, իսկ մնացածը՝ այնպիսի թփատեսակներ, ինչպիսիք են բարբարիսը, մոշը, մասուրը, վայրի տխիլն ու դեղին ակացիան։ Ագրոանտառի մոտ 2 հա տարածքի համար անցկացվել է կաթիլային ոռոգման համակարգ։ Ծառատունկից զատ ագրոանտառում արդեն կատարվել է նաև լոբու և վարսակի ցանք։ Ծրագրի շրջանակներում ագրոանտառի աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով «Շեն»-ն այցելության օրը նաև անհրաժեշտ տեխնիկա տրամադրեց Շենավանին։

Image
SDC Visit to Shenavan

Հյուրերի համար այցը տպավորիչ էր ու կարևոր նրանով, որ Հայաստանում շվեյցարական համագործակցության գրասենյակը 2023 թվականին մեկնարկել է «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» (FORACCA) 10-ամյա նախագիծը։ Այն ունի կլիմայի փոփոխության հետ կապված մի շարք բաղադրիչներ, որոնց թվում են նաև անտառային լանդշաֆտների վերականգնման նոր մեթոդների փորձարկումը և անտառների արժեքի ու դերի գնահատումը տնտեսական առումով և կլիմայի պաշտպանության քաղաքականության համար:

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել