Խմելու ջրի խնայողություն Մայակովսկիի ոռոգման ցանցի վերակառուցմամբ
Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի աջակցությամբ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ձեռնամուխ եղավ «Խմելու ջրի խնայողություն՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի բնակավայրի ոռոգման ցանցի վերակառուցման միջոցով» ծրագրի իրագործմանը, որին մասնակցում է նաև Աբովյան խոշորացված համայնքը:
Նախագծի նպատակը խմելու ջրի խնայողությունն է՝ ոռոգման համակարգի բարելավմամբ և ոռոգման նպատակներով խմելու ջրի օգտագործումը նվազեցնելու միջոցով: Տարածքի կլիմայական պայմանները նպաստավոր են գյուղատնտեսական արտադրության համար, սակայն Մայակովսկի բնակավայրի բնակիչների մեծ մասը չունի ոռոգման ջրի հասանելիություն: Կոտայքի ոռոգման ջրանցքը բնակավայրին միացնող խողովակաշարը, ինչպես նաև ներքին բաշխման ցանցը լրջորեն վնասված են, ինչի հետևանքով տեղի գյուղացիների մեծ մասը զրկված է ոռոգման ջրից: Գյուղի որոշ հատվածներում ոռոգման բաշխիչ ցանցը նույնպես կա՛մ քանդված է, կա՛մ բացակայում է։
Այսպիսով, բնակավայրի 428 տնային տնտեսություններից 220-ն ընդհանրապես կապված չեն ոռոգման համակարգի հետ և ստիպված են իրենց հողամասերը ոռոգելու համար ապավինել Կաթնաղբյուրի ջրաղբյուրներից եկող խմելու ջրին։ Խմելու ջրով ոռոգվող տարածքը կազմում է մոտ 29 հա։ Անգամ բնակավայրի այն հատվածներում, որտեղ գործում է ոռոգման համակարգ, ոռոգման ջրի մատակարարումն անհուսալի է ենթակառուցվածքների վատ վիճակի և հաճախակի խափանումների պատճառով։ Հետևաբար, շատ գյուղացիներ նախընտրում են օգտագործել խմելու ջուր իրենց բերքը չվտանգելու համար։
«Շեն» ԲՀԿ նախաձեռնած ծրագիրը նախատեսում է
Ոռոգման ջրի բաշխիչ ցանցի 3,554 մ նոր խողովակաշարերի կառուցում՝ d=100-125 մմ պողպատե խողովակներով և փականային համակարգերով,
1300 մ ընդհանուր երկարությամբ 250 մմ տրամագծով պողպատե գլխավոր խողովակաշարի վնասված հատվածների փոխարինում,
Ուլտրաձայնային d=250 մմ հոսքաչափի ձեռքբերում և տեղադրում։
Ծրագրի արդյունքում կխնայվի տարեկան 105․500 մ³ բարձրորակ խմելու ջուր, ինչը հավասար է մոտ 1.440 մարդու տարեկան սպառման նորմերին։