Ագրոանտառի հիմնում Լեռնավանում
Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «FORACCA» ծրագրի շրջանակում Լեռնավանում հիմնվում է ագրոանտառ։
Նոր ագրոանտառ «Շեն»-ի աջակցությամբ
Քանի որ ագրոանտառի հիմնման աշխատանքներն իրականացվում են «Շեն» ԲՀԿ աջակցությամբ, մեր մասնագետները պարբերաբար ագրոանտառի վերաբերյալ աշխատաժողովներ ու սեմինարներ են իրականացնում Լեռնավանի նախաձեռնող խմբի համար ագրոանտառի հիմնումը մասնագիտորեն ճիշտ իրականացնելու նպատակով։
Այս անգամ «Շեն»-ի աշխատակիցները նախաձեռնող խմբի ուղեկցությամբ այցելեցին տնկադաշտ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։ Չնայած տնկադաշտի բարդ աշխարհագրական դիրքին՝ ծովի մակերևույթից 1800մ բաձրության վրա խիստ զառիթափ, համայնքի բնակիչներն արդեն ավարտել էին ագրոանտառի հիմնման նախնական աշխատանքները։
Կատարված աշխատանքները
Տնկադաշտի ողջ տրամագծով կառուցել էին ցանկապատը, որն ագրոանտառը կպաշտպանի արածող կենդանիներից։ Իսկ ապագա անտառի հատվածում արդեն հասցրել էին տնկել սոճու 7000 տնկի։
Ագրոանտառի տարածքում նաև ծրագրով նախատեսված է շուրջ 1հա մակերեսով տնկարանի հիմնումը։ Այն հետագայում ծառատեսակների տնկիներով կապահովի տարածքը։ Այստեղ նույպես ավարտված էին հողի նախապատրաստման աշխատանքները։ Ինչպես նաև կառուցել էին տաղավար՝ ապագայում աշխատակիցների հանգիստը կազմակերպելու նպատակով։
Բնակիչների ներգրավվածությունը
Ագրոանտառի հիմնման ընթացքը տպավորեց հատկապես նրանով, որ աշխատանքներին կամավոր հիմունքներով ներգրավված էին համայնքի ներկայացուցիչները` փոքրից մինչև մեծ։ «Աշխատանքից հետո սիրով գալիս եմ մեր նոր ագրոանտառ՝ սոճիների տնկիները տնկելու,»-պատմում է գյուղի կանանցից մեկը, ով Սպիտակ քաղաքում բուժաշխատող է։
Հայաստանի գյուղական համայնքներում ծրագրեր իրականացնելիս՝ ամենաոգևորողը բնակիչների դրական մոտեցումն ու շահագրգռվածությունն է, ինչը Լեռնավանի պարագայում ակնհայտ է թե՛ աշխատաժողովների, թե՛ դաշտային աշխատանքների իրականացման ընթացքում։
«Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և Հայաստանի անտառային դաշինքի անդամ չորս իրականացնող կազմակերպությունների՝ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից։ Ծրագիրն իրականացվում է Անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների Շվեյցարիայի դաշնային ինստիտուտի (WSL) հետ համատեղ։