Image
Volunteers in Meghrashat

«Շեն»-ի երեք պանրագործ կամավորները

Image
Christophe

Քրիստոֆը, Ալեքսանդրն ու Մարտինն այս տարի միացան մեզ որպես կամավորներ «Դեպի Հայք» հիմնադրամի օգնությամբ։ Ամասիա համայնքի Մեղրաշատ գյուղում նրանք կամավորություն իրականացրեցին «Հյուսիսի պանիր» կանանց կոոպերատիվում, որը հիմնականում զբաղվում է ավանդական չեչիլ պանրի արտադրությամբ։

Կամավորության ընթացքում տղաները ներգրավված էին պանրի արտադրության տարբեր աշխատանքներում։ Կոոպերատիվի անդամները նրանց սիրով սովորեցնում էին աշխատանքների նրբությունները, իսկ տղաները շատ գոհ էին, որ իրենց ներդրումն են ունենում պապենական հայրենիքի զարգացման գործում։ Ահա նրանցից յուրաքանչյուրի պատմությունն առանձին։

Իմ ընտանիքից առաջինն եմ, ով այցելում է Հայաստան

«Ես Քրիստոֆ Կապլոն եմ։ 28 տարեկան դեղագործ եմ Կանադայի Մոնրեալ քաղաքից: Երկու ծնողներս էլ եգիպտահայ են, և ես իմ ընտանիքից առաջինն եմ, ով այցելում է Հայաստան։ Ես չէի ուզում գալ որպես զբոսաշրջիկ։ Ավելի շատ, ցանկանում էի ակտիվորեն մասնակցել մեր երկրի ապագայի բարելավմանը և որոշեցի իմ ներդրումն ունենալ որպես կամավոր: «Շեն»-ը մի կազմակերպություն է, որը համահունչ է իմ արժեքներին, և ես բախտավոր եմ զգում, որ հնարավորություն եմ ստացել օգնելու տեղի ընտանիքներին Հայաստանում գտնվելու ընթացքում: Ես չեմ զղջում և խորապես գնահատում եմ այն փորձառությունը, որ ունեցա այստեղ»։

Image
Alexander

Եկել եմ բացահայտելու իմ հայկական ինքնությունը

«Ես Ալեքսանդր Արոն եմ, 23 տարեկան եմ, Փարիզից եմ: Մայիսից կամավոր եմ աշխատում Գյումրիում: Ես եկել եմ Հայաստան՝ նպատակ ունենալով ավելի շատ բացահայտել իմ հայկական ինքնությունը՝ ինչպես լեզվի, այնպես էլ մշակույթի, մեր հայրենիքի և տեղացիների մասով։ Հայաստանում կամավորական աշխատանքն ինձ տրված հնարավորություն է ունենալ յուրահատուկ մասնագիտական և անձնական փորձ: Հուսով եմ, որ այստեղ աշխատելը ավելի շատ օգնում է մարդկանց, քան ինձ։ Շատ շնորհակալ եմ Հայաստանում գտնվելու համար»։

Ուզում էի շփվել ժողովրդի հետ

«Ես Մարտին Անալյանն եմ Արգենտինայի Կորդոբա քաղաքից։ Ես շատ էի ուզում գալ Հայաստան ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլ որոշ ժամանակ Հայաստանում ապրելու համար: Ուզում էի շփվել ժողովրդի հետ, իմանալ առօրյան, զրուցել ու փոխանակվել փորձով, պատմություններով։

Image
Martin


Ինձ բախտ է վիճակվել մասնակցել «Շեն» ԲՀԿ-ի 2 ծրագրի։ Նախ պանրի արտադրության ոլորտում: Այս փորձը ինձ համար շատ կարևոր էր։ Հատկապես մարդկանց, ձեռք բերած փորձի ու գիտելիքների առումով: Երկրորդը՝ մեկ շաբաթով որպես ջոկատավար մասնակցում էի պատանեկան ճամբարի։ Ես հիանալի օրեր անցկացրեցի երեխաների հետ՝ խաղալով նրանց հետ, զրուցելով և խաղեր կազմակերպելով: Հայաստանում երեխաների հետ լեզու գտնելը ամենաանհավանական փորձառություններից մեկն էր, որ ունեցել եմ: «Շեն»-ն ինձ հնարավորություն ընձեռեց ճանաչել Հայաստանի մեկ այլ կողմ՝ ամենատպավորիչներից մեկը»։

Մեր ծրագրերում Սփյուռքի կամավորների ներգրավումը շատ ենք կարևորում։ Հատկապես ոգևորվում ենք, երբ Քրիստոֆի, Ալեքսանդրի ու Մարտինի նման խորը դրական տպավորությամբ են նրանք ավարտում Հայաստանում իրենց առաքելությունը, և այսուհետ հայերենիքի հետ յուրահատուկ կապ են զգում։ Ամեն տարի անհամբեր սպասում ենք նոր կամավորների գալուն և սիրով ներգրավում ենք նրանց մեր տարբեր ծրագրերում։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել