Ագրոանտառաբուծության խորհրդատու մասնագետների վերապատրաստում
Սա եռամյա պիլոտային ծրագիր է, որի շրջանակում մարզային մեկ գյուղատնտեսական քոլեջում կներդրվի Ագրոանտառաբուծության մոդուլ՝ ուղեկցվելով մեկ գյուղական բնակավայրում փոքր փորձնական ագրոանտառի հիմնմամբ։ Այստեղ մի կողմից ուսանողները կանցնեն պրակտիկա, իսկ մյուս կողմից գյուղատնտեսության ոլորտի առկա մասնագետները հնարավորություն կունենան վերապատրաստվելու ագրոանտառաբուծության ոլորտում խորհրդատվություն իրականացնելու համար։
Ագրոանտառաբուծությունը գյուղատնտեսական գործունեության ոլորտ է, որը «Շեն» ԲՀԿ-ն փորձում է ներդնել Հայաստանում, թեև դրա դաշտապաշտպան անտառաշերտերի ուղղությունը լայնորեն և հաջողությամբ կիրառվել է դեռևս Սովետական միության տարիներին հիմնականում Արարատյան դաշտավայրում։ Այնուամենայնիվ ագրոանտառաբուծական համակարգերը բազմազան են և կարող են կիրառվել Հայաստանի ողջ տարածքի տարատեսակ լանդշաֆտներում։
Ագրոանտառաբուծությունը գրավիչ է նրանով, որ ֆերմերներին հնարավորություն է տալիս եկամուտ ստանալ միամյա կուլտուրաների կամ կերային բույսերի մշակումից հիմնադրման հենց առաջին տարվանից: Ագրոանտառային համակարգերի հետագա զարգացմանը զուգահեռ եկամուտների ստեղծման հնարավորություններն աճում են, քանի որ ագրոանտառային համակարգերի անտառային բաղադրիչները նպաստում են ինչպես կլիմայի հարմարվողականությանը, այնպես էլ մեղմմանը:
Առաջին տիպային ագրոանտառը ֆրանսիական «A Tree for You» («Ծառ քեզ համար») կազմակերպության աջակցությամբ հաջողությամբ հիմնեցինք Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի Շենավան բնակավայրում 2024 թվականին, ինչը ոգևորեց ՀՀ այլ մարզերի տարբեր համայնքների նույնպես ագրոանտառներ հիմնել։ Սակայն ագրոանտառաբուծության մասնագետների բացակայությունն անհնար է դարձնում այս ուղղության տարածումն ու զարգացումը։
Մենք ուզում ենք ներդնել գյուղատնտեսական խորհրդատուների վերապատրաստման ծրագիր ագրոանտառաբուծության ուղղությամբ՝ օգտագործելով մարզերում գործող գյուղատնտեսական քոլեջների պոտենցիալը։