Image
Kindergartens

Արճիսի, Հաղթանակի և Պտղավանի մանկապարտեզները հիմնանորոգվեցին

Image
Haghtanak Kindergarten

2021-22 թվականներին Տավուշի մարզում հիմնանորոգեցինք միանգամից երեք մանկապարտեզ՝ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Արճիս, Հաղթանակ և Պտղավան բնակավայրերում։

Մանկապարտեզները գործում էին, սակայն երեխաների համար ոչ ապահով ու պատշաճ պայմաններով։ Որոշ տեղերում վերանորոգում չէր իրականացվել վերջին 30 տարում։ Այս պատճառով անհնար էր մանկապարտեզների գործունեությունն իրենց ողջ կարողությամբ, և շատ երեխաներ մնում էին առանց նախադպրոցական կրթության։

Մանկապարտեզների երկար սպասված հիմնանորոգումն իրականություն դարձավ շնորհիվ Ֆրանսիայում մեր քույր կազմակերպության՝ Շեն Ֆրանսիայի աջակցության։ 2019 թվականին Շեն Ֆրանսիան ստացավ լուսահոգի պարոն Էդուարդ Հաթաբյանի ժառանգությունը։ Նրա ցանկությամբ 250.000 եվրո գումար հատկացվեց Հայաստանում մանկապարտեզների ստեղծմանը, ինչը և հնարավոր դարձրեց ծրագրի իրականացումը։

Կարևոր է նշել, որ համայնք նույնպես անմասն չմնաց ֆինանսական առումով։ Այսպիսով, երեք մանկապարտեզների համար համայնքը հատկացրեց մոտ 10,000,000 ՀՀ դրամ հիմնանորոգման աշխատանքների համար։

Image
Archis Kindergarten

Մանկապարտեզներն այսուհետ ապահովված են բոլոր հարմարություններով՝ գունեղ ու հարմարավետ խաղասենյակներով, փոքրիկների համար համապատասխան կահավորմամբ ննջասենյակներով, սանհանգույցով, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած խոհանոցով և ջեռուցմամբ։ Ծրագրի իրականացման արդյունքում բոլոր մանկապարտեզներում սաների թիվն աճել է գրեթե կրկնակի․ Արճիսի մանկապարտեզ են հաճախում նախկին 30-ի փոխարեն 50 սան, Հաղթանակում՝ 27-ի փոխարեն 60-ը, իսկ Պտղավանում՝ 30-ի փոխարեն 60-ը։

Այս թվերն իսկապես տպավորիչ են, հատկապես հաշվի առնելով, որ այստեղ ապրող մինչև վեց տարեկան երեխաների համար պատշաճ պայմաններում նախադպրոցական կրթություն ապահովելու հետ մեկտեղ, սա նաև իրենց մայրիկների համար աշխատանքով ապահովված լինելու հնարավորություն ստեղծեց։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել