Մշտադիտարկում Շենավանում
Մարտի 10-ին մշտադիտարկման այց իրականացրեցինք Շենավան՝ 2021-2022 թվականներին ֆրանսիական «ԱՅՈ» երիտասարդական կազմակերպության համագործակցությամբ կատարված ծրագրերի աշխատանքը գնահատելու նպատակով։ Հիշեցնենք, որ նշված ժամանակաշրջանում հիմնովին վերանորոգել էինք գյուղի մանկապարտեզը, կառուցել պարասրահ և մարզադահլիճ։
Մշտադիտարկման արդյունքները գոհացնող էին, քանի որ բոլոր երեք ծրագրերն ակտիվորեն գործում էին։ Հատկանշական է, որ հակառակ ցուրտ եղանակին, երբ երեխաները հաճախ զլանում են խմբակներ այցելել, թե՛ պարասրահում, թե՛ մարզադահլիճում ակտիվ պարապմունքներ էին ընթանում։ Այս հանգամանքին նպաստում է այն, որ սրահները համապատասխանաբար կահավորված են, ջեռուցվում են և երեխաները որևէ անհարմարույթուն չեն ունենում։
Պարի դասընթացի ընդունելությունը կատավում է սկսած երեք տարեկանից։ Այն ընթանում է երկու փուլով՝ գիմնաստիկա և պար։ Մարզասրահում սամբոյի պարապմունքներ են անցկացվում։ Մարզիչը հենց Շենավան բնակավայրի ղեկավար, միջազգային սպորտի վարպետ Մխիթար Մխիթարյանն է։
Սամբոյի պարապմունքները բուռն ու եռանդուն են անցնում։ 2023 թ․-ի փետրվարին լավագույն արդյունքներ ցուցաբերած տղաներն արդեն հասցրել են մասնակցել են Սամբոյի ընկերական առաջնությանը Երևանում։ Այս իրադարձությունը նրանց ոգևորել է ավելի մեծ եռանդով պատրաստվելու գալիք առաջնություններին։ Նրանցից ոմանք երազում են ունենալ այնպիսի հաջողություններ, ինչպիսիք ունի իրենց մարզիչը, ով 2023 թ․-ին կրկին դարձավ Հայաստանի չեմպիոն։
Երեխաները մեծ ոգևորությամբ հաճախում են թե՛ պարի, թե՛ սամբոյի։ Իսկ մարզասրահի դերը հատկապես մեծ է, քանի որ սամբոյի պարապմունքներից հետո այստեղ մարզվելու են հաճախում համայնքի երիտասարդները։
Մշտադիտարկման արդյունքում ուրախությամբ արձանագրեցինք, որ մեր իրականացրած ծրագրերը դարձել են Շենավանի առօրյայի մի մասը և լիովին ծառայում են իրենց նպատակին։