«Կերարտադրության ցուցադրական համայնք. բնական կերհանդակների բարելավում և չմշակվող վարելահողերի վերականգնում» ծրագրի դասընթացները
2022 թվականի վերջում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) աջակցությամբ սկսեցինք «Կերարտադրության ցուցադրական համայնք. բնական կերհանդակների բարելավում և չմշակվող վարելահողերի վերականգնում» ծրագիրը Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Բալաք բնակավայրում։
Ծրագրի հիմնական նպատակն է օգտագործել բնական կերային տարածքների վերականգնման արդյունավետ մեթոդները և նվազեցնել ճնշումը արոտավայրերի վրա անասնակերի արտադրության համար՝ չօգտագործվող վարելահողերի մշակմամբ: Սա թույլ կտա կայուն ձևով կազմակերպել անասնակերերի համար տեղական բարձրարժեք սերմերի արտադրությունը, պահպանել ագրոկենսաբազմազանությունը, ապահովել կլիմայի հետ հարմարվողականությունը և ստեղծել կայուն եկամուտներ ֆերմերների համար:
Ծրագիրը ներառում է տարբեր պիլոտային տարածքներ՝ օգտագործելով բարելավման մի շարք մեթոդաբանություններ: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում համայնքում վերականգնվելու և բարեկարգվելու է 123 հա հողատարածք, որից 20 հա արոտ, 20 հա խոտի մարգագետին և 83 հա վարելահող։
Ծրագրի շրջանակներում փետրվար-ապրիլ ամիսներին «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության գյուղատնտեսներն իրականացրել են «Բալաք համայնքի արոտօգտագործողների միավորում» կոոպերատիվի անդամների և մարզային նոր գյուղատնտեսի ուսուցման բազմաբովանդակ ինտենսիվ ծրագիր։
Սերմադաշտերի գարու, կորնգանի, առվույտի սերմնաբուծություն
Որակյալ սերմնացուն շատ կարևոր է բնական կերհանդակների բարելավման և չմշակվող վարելահողերի վերականգման գործում, ինչն էլ շատ կարևոր է անասնապահությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններին բարձրորակ անասնակերով ապահովելու համար։
Փետրվարի 24-ին «Սերմադաշտերի գարու, կորնգանի, առվույտի սերմնաբուծություն» դասընթաց-քննարկման ընթացքում «Բալաք համայնքի արոտօգտագործողների միավորում» կոոպերատիվի անդամներին ներկայացրեցինք սերմադաշտերի մշակության առանձնահատկությունները, գարու, կորնգանի, առվույտի սերմնաբուծության կազմակերպման քայլերը։ Կոոպերատիվի անդամները հիմնականում հետաքրքված էին հողերի նախացանքային մշակությամբ, պարարտացմամբ, ցանքի նորմայով, սերմացուին ներկայացվող պահանջներով և սերմերի ախտահանմամբ։
Մարզային գյուղատնտեսի ուսուցում
Մարտի 1-ին «Շեն» ԲՀԿ-ի գրասենյակում ուսուցում անցավ նոր մարզային գյուղատնտեսը վարելահողերի և արոտների բարելավման տեխնոլոգիայի վերաբերյալ։ Նրան ներկայացրեցինք վարելահողերի՝ կորնգանի, առվույտի, գարու մշակության վերաբերյալ ծրագրով առաջարկվող տեխնոլոգիաները, ինչպես նաև, արոտավայրերի բարելավման տեխնոլոգիան։
Վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքի բարելավման տեխնոլոգիայի նկարագրություն
«Վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքի բարելավման տեխնոլոգիայի նկարագրություն» դասընթացին մարտի 3-ին կոոպերատիվի անդամները ծանոթացան ծրագրի շրջանակներում առաջարկվող առվույտի, կորնգանի և գարու փորձարարական ցանքերի տեխնոլոգիաներին, ինչպես նաև արոտավայրերի և խոտհարքի բարելավման տեխնոլոգիան։ Այս դասընթացին հիմնական հարցերն առնչվում էին հողաֆրեզի կիրառմանը, ցանքակից պարարտացմանը, սերմերի ախտահանմանը, ցանքի նորմային, արտարմատային սնուցմանը և մոլախոտերի դեմ պայքարին։
Ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի՝ հողաֆրեզների և այլ կցորդիչների կիրառությունը հացահատիկային մշակաբույսերի ցանքերում ու կերհանդակներում
Մարտի 30-ին տեղի ունեցավ «Ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի՝ հողաֆրեզների և այլ կցորդիչների կիրառությունը հացահատիկային մշակաբույսերի ցանքերում ու կերհանդակներում» դասընթացը։ Կոոպերատիվի անդամներին մեր գյուղատնտեսները ներկայացրեցին ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի՝ հողաֆրեզների բնութագիրը և աշխատանքի առանձնահատկությունները։
Ծրագրի շրջանակներում առաջին անգամ Բալաք համայնքում ներկայացվեց հողաֆրեզների և այլ կցորդիչների կիրառությունը հացահատիկային մշակաբույսերի ցանքերի ու կերհանդակների բարելավման պրոցեսում: Տնտեսական հաշվարկի միջոցով գյուղատնտեսները ցույց տվեցին, որ նմանատիպ տեխնիկայի կիրառությունը բարձրացնում է հացահատիկային մշակաբույսերի մշակության որակը և կրճատում է ծախսերը։ Դասընթացի երկրորդ մասում արդեն դաշտային պայմաններում մասնակիցներին ցուցադրեցինք հողաֆրեզի աշխատանքը հենց վարելահողերում։
Գարու, կորնգանի, առվույտի տրամադրված սերմերի սորտային կազմը, մշակության առանձնահատկությունները
Ապրիլի 6-ին կոոպերատիվի անդամների համար կազմակերպվեց «Գարու, կորնգանի, առվույտի տրամադրված սերմերի սորտային կազմը, մշակության առանձնահատկությունները» դասընթաց-քննարկումը։
Այս անգամ դասընթացն անցկացնելու համար հրավիրել էինք «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ընկերության գիտաշխատող Ա. Հարությունյանին։ Նա մասնակիցներին ներկայացրեց սերմարտադրության նպատակով փորձնական ցանքերի համար «Գյումրիի սելեկցիոն կայան»-ից ձեռք բերված կորնգանի՝ «Սիսիանի տեղական», գարնանացան գարու՝ «Նուտանս 115» և առվույտի՝ «Ապարանի տեղական» սորտերի մշակության առանձնահատկությունները։ Կոոպերատիվի անդամները նաև ծաանոթացան սերմադշտերի մշակության առանձնահատկություններին։ Դասընթացավարը հիմնական շեշտադրումը կատարեց սերմնաբուծության պահանջներին և ագրոտեխնիկական առանձնահատկություններին՝ հողերի նախացանքային մշակության, պարարտացման, ցանքի նորմայի, սերմացուին ներկայացվող պահանջներին, սերմերի ախտահանմանը։
Սա եզակի ուսուցում էր, քանի որ ֆերմերներն ստացան բարձր մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ սերմարտադրության գործընթացի վերաբերյալ: Կարելի է ասել, որ այս դասընթացի արդյունքում կոոպերատիվի անդամները վերապատրաստվեցին որպես սերմարտադրողներ:
Հատկանշական է այն հանգամանքը, որ «Բալաք համայնքի արոտօգտագործողների միավորում» կոոպերատիվի անդամներից նշված բոլոր դասընթացներին հավասար հետաքրքրությամբ մասնակցում էին թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք։ Նրանք ակտիվորեն իրենց հետարքրող հարցերն էին ուղղում մեր դասընթացավար-մասնագետներին և ստանում մանրամասն պատասխաններ։ Բոլոր դասընթացների ավարտին մասնակիցներն ստացան թեմաներին համապատասխան տեղեկատվական նյութեր։