Image
Hovit Gym

Հաջող ավարտ հանուն նոր ձեռքբերումների

Image
Hovit Gym

2023 թվականին մեկնարկած «Հովիտի դպրոցի մարզադահլիճի վերանորոգում և կահավորում» ծրագիրը հաջողությամբ ավարտվեց։ Սեպտեմբերի 13-ին իրենց ջանքերը գյուղում դրական փոփոխություն կատարելու համար միավորած բոլոր կողմերը՝ «Այո» ֆրանսիական կազմակերպությունը, Ախուրյանի համայնքապետարանը և «Շեն» ԲՀԿ-ն միասին հանդիսավորությամբ նշեցին ծրագրի ավարտը։ Այսուհետ ոչ միայն դպրոցի ֆիզկուլտուրայի դասերը, այլև սամբոյի պարապմունքները կանցկացվեն վերանորոգված, լուսավոր և անհրաժեշտ մարզագույքով հագեցած դահլիճում։ Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին նաև Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի ներկայացուցիչները։

Image
Hovit Gym

Ծրագրի հաջողությանը մեծապես նպաստեց դպրոցի տնօրինության, աշխատակազմի, ինչպես նաև՝ գյուղի բնակչության պատրաստակամությունը և հյուրընկալությունը։ Անշուշտ, գեղեցիկ և լուսավոր դահլիճն ու նոր մարզագույքը կնպաստեն հովիտցի պատանիների՝ սամբոյի մարզաձևում տարիների պատմություն ունեցող հաջողությունների և ձեռքբերումների աճին, սակայն այն դրական և անմոռանալի տպավորությունները և ջերմությունը, որ ֆրանսիացի կամավորներից ողջ ամռանը ստացան այս երեխաները, առավել խորը և մնայուն փոփոխություններ են նրանց կյանքում։

Image
Hovit Gym

Հովիտ գյուղը թեև բավականին մոտ է մարզկենտրոն Գյումրիին, այնուամենայնիվ, հեռավոր գյուղի հոգսերն է կիսում, գյուղում ենթակառուցվածքների պակասը, ժամանցի և երիտասարդական ակտիվության վայրերի բացակայությունն իրենց հետքն են թողնում գյուղի երեխաների և երիտասարդների կյանքում, իսկ «Շեն» ԲՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ աշխատել այնտեղ, որտեղ դժվարությունները շատ են, այնտեղ, որտեղ դրա կարիքն ամենաշատն է զգացվում, այնտեղ, որտեղ միգուցե շատերը կվարանեն նախաձեռնել անհնարին թվացող դրական փոփոխություն։ Անչափ ուրախ ենք, որ մեր սկզբունքները մեզ հետ կիսում են մեր գործընկերները, այս անգամ՝ «Այո»-ի նվիրյալ երիտասարդները։ Եվ, իհարկե, գնահատելի է համայնքի մասնակցությունն ու համագործակցության պատրաստակամությունը։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել