Գյուղական սերմնաբուծական տնտեսություն Բալաքում
Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) պատվիրակմամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «ԷԿՈսերվ» ծրագրի աջակցությամբ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Բալաք բնակավայրում 2022-2023 թթ․-ին իրականացրեցինք «Կերարտադրության ցուցադրական համայնք, բնական կերհանդակների բարելավում և չմշակվող վարելահողերի վերականգնում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում «Բալաք գյուղի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին տրամադրել ենք գյուղատնտեսական գործիքներ՝ դաշտերի սրսկիչ, հողաֆրեզ, հողի հարթեցնող սարք, կերաղաց, սերմազտիչ, հատիկաբարձիչ։ Կոոպերատիվի 26 անդամներն իրենց հերթին ծրագրի իրականացման համար ներդրել էին 3․500․000 դրամ:
Ծրագրի իրականացման ընթացքում կոոպերատիվի անդամներին տրամադրեցինք անհրաժեշտ ուսուցում, ինչի արդյունքում այժմ նրանք կարողանում են լիարժեք շահագհործել տրամադրած գործիքներն ու սարքավորումները։ Այսպիսով, կոոպերատիվն արդեն պատրաստ է անցած տարվա գարու սերմի զտելուն, իսկ սերմի համար ոչ պիտանի հատիկը՝ աղալուն:
Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակներում առաջին տարում արդեն հնձել են 36 հա ցանված գարի՝ ստանալով 45 տ բերք և 2100 հակ ծղոտ: Ցանել են նաև 45 հա կորնգան, որից այս տարի կկարողանան քաղել 7000 հակից ավել անասնակեր և կստանան մոտ 10 տ կորնգանի որակյալ սերմ։
Կարևոր է, որ կոոպերատիվը վարձակալել է լրացուցիչ հողատարածք, որի վրա կատարվել է 19 հա կորնգանի, 10 հա գարու և 2 հա առվույտի ցանք։ Ավելին, կոոպերատիվը համայնքից վարձակալել է նաև 20 հա խոտհարք, որը բարելավվել է: Իսկ բարելավված այդ խոտհարքի 1 հա-ից ստացվել է 60 հակ խոտ:
Այս հաջողությունների արդյունքում կոոպերատիվի անդամները ծրագրել են զբաղվել կորնգանի, գարու և առվույտի սերմնաբուծությամբ: Կարելի է ասել, որ այս նախաձեռնությունը ՀՀ-ում գյուղական սեմնաբուծական տնտեսություն հիմնելու առաջին քայլն է: