Ոռոգման ջրատարի կառուցում Ծովակում
Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Ծովակ բնակավայրն ունի 2718 բնակիչ։ Այստեղ ապրում է շուրջ 890 ընտանիք, իսկ վերջին տարիներին գյուղում բնակություն է հաստատել նաև Արցախից տեղահանված 6 ընտանիք։ Ծովակը Գեղարքունիքի մարզի այն հազվադեպ բնակավայրերից է, որտեղից արտագաղթ չկա։
Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու դաշտավարությունն է: Սակայն ոռոգման ջրի սակավության հետևանքով գյուղացիների մի մասը հրաժարվում էր հողի մշակումից, քանի որ հատկապես վերջին տարիներին, պարբերական երաշտի պատճառով գյուղացին ամբողջովին զրկվում էր ակնկալվող բերքից:
Ոռոգման նպատակով մարդիկ օգտվում էին խորքային հորից, որը բավականին ջրառատ էր՝ 1 ժամում տալիս էր 26 տոննա ջուր։ Սակայն ոռոգման ժամանակ ջրի կորուստը բավականին մեծ էր, քանի որ անցնում էր բաց, ավազային հողերով և դժվարությամբ ու քիչ քանակով էր հասնում մշակվող դաշտերին և տնամերձերին։
Արձագանքելով այս լուրջ խնդրին՝ «Յալկեզեան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 2024թ․-ի գարնանն սկսեցինք «Ոռոգման ջրագծի կառուցում Ծովակում» ծրագիրը։ Այն նախատեսում էր 700մ երկարությամբ ջրագծի կառուցում՝ օգտագործելով RP40 երկաթբետոնե կիսախողովակներ: Այս ենթակառուցվածքը արդյունավետորեն ջուրը մատակարարելու էր ֆունկցիոնալ խորքային հորից դեպի համայնքի վարելահողեր և տնամերձ հողատարածքներ: Ծրագրի իրագործմանն ակտիվորեն մասնակցեց նաև համայնքը՝ տրամադրելով աշխատուժ և շինարարական նյութեր։
Արդեն ամռանը կառուցեցինք ոռոգման ջրատարը նախատեսվածից 100մ-ով ավելի երկարությամբ։ Այն հնարավորություն է տալիս գյուղացիական տնտեսություններին ոռոգելու շուրջ 120հա վարելահող և 200հա տնամերձ: Այս ծրագրով լուծվում է Ծովակում ջրի սակավության խնդիրը՝ թույլ տալով 400 շահառու տնային տնտեսություններին մշակել այնպիսի մշակաբույսեր, ինչպիսիք են կարտոֆիլը, կաղամբը, ցորենը, գարին և կերային կուլտուրաները: Սա ոչ միայն ապահովում է պարենային անվտանգությունը, այլև խթանում է գյուղի տնտեսական զարգացումը: Ծրագիրը նշանակալի քայլ է դեպի կայուն գյուղատնտեսական պրակտիկա և համայնքի բարգավաճում: