
Դասընթաց և սերմերի տրամադրում Զորականի արցախցիներին
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում է իրականացնել Արցախից տեղահանված ընտանիքների աջակցության ծրագրեր՝ փորձելով բարելավել նրանց կենսապայմանները գյուղատնտեսական արտադրության տարբեր ոլորտների խթանման ու դասընթացների միջոցով:

Արցախից տեղահանված և Տավուշի մարզի Զորական բնակավայրում բնակություն հաստատած 31 ընտանիքների համար փետրվարի 18-ին մեր մասնագետներն իրականացրեցին դասընթաց «Վարունգի մշակությունը ջերմատնային պայմաններում և սորտային առանձնահատկությունները» և «Կարտոֆիլի հիվանդություններն ու վնասատուները և դրանց դեմ համալիր պայքարի միջոցառումները» թեմաներով։

Դասընթացի նպատակն էր շահառուներին ներկայացնել վարունգի և կարտոֆիլի մշակության մի շարք առանձնատակություններ, որոնք հնարավորություն կտան քիչ ներդրումներով բարձր եկամուտ ապահովել: Դասընթացի ավարտին հստակեցվեցին նաև անվտանգության կանոնները, որոնք խիստ անհրաժեշտ է պահպանել տնտեսությունում քիմիական պայքար իրականացնելիս։

Նույն օրը շահառու 31 տեղահանված ընտանիքներին տրամադրեցինք նաև կարտոֆիլի տնկանյութ և հատիկ լոբու սերմ՝ տնամերձ հողատարծքներում մշակելու համար: Մասնագետների կողմից ընտրված տնկանյութը և սերմը ընտրվել էր հատուկ վաղ բերքի ստացման համար, որը հնարավորույթուն կտա շուկայում ավելի բարձր գնով իրացնելու:
Սա նախատեսված համպարփակ միջոցառումների մի փուլն է, որը շարունակվելու է ամբողջ տարվա ընթացքում «Փախստականների հզորացում Զորական գյուղում ոռոգման ցանցի վերականգնման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է «Շեն Ֆրանսիա», «Fondation de France», «Bread for the World» (Հաց աշխարհին) կազմակերպությունների կողմից և իրականացվում է «Շեն» ԲՀԿ կողմից։