
Շեն Ֆրանսիայի այցը Գեղարքունիք
Շեն Ֆրանսիայի 25 հոգուց բաղկացած պատվիրակությունը Հայաստան կատարած այցի շրջանակում մայիսի 9-ին այցելեց Գեղարքունիքի մարզ: Ինչպես Տավուշում, Շիրակում և Սյունիքում, այստեղ նույնպես պատվիրակության այցի նպատակն էր «Շեն» ԲՀԿ իրագործած ծրագրերի արդյունավետության ուսումնասիրությունը։
Պատվիրակության առաջին կանգառը Վարդենիս խոշորացված համայնքի Արփունք բնակավայրում էր: Այստեղ 2023թ.-ին Շեն Ֆրանսիայի ֆինանսական աջակցությամբ «Շեն» ԲՀԿ և համայնքի համատեղ ջանքերով կառուցված ոռոգման ջրագիծն այսօր թույլ է տալիս գյուղի բոլոր ընտանիքներին մշակել 150 հա գյուղատնտեսական մշակովի տարածքներ։
Այնուհետև, պատվիրակությունը ծանոթացավ Արցախից տեղահանված ընտանիքներին աջակցություն տրամադրած ծրագրերին: Ակներև է, որ դրանց իրագործումը մարզում զգալիորեն նպաստել է կայուն եկամուտների ավելացմանը։
Պատվիրակության անդամները ծանոթացան նաև Վարդենիս խոշորացված համայնքում ձևավորված մարկետինգային խմբերի գործունեությանը։ Նրանք տպավորված էին Ծովակի կարտոֆիլագործների և կերարտադրության մարկետինգային խմբի աշխատանքով: Իրենց գործունեությունը սկսելով 2024-ին՝ մարկետինգային խումբն արդեն պատրաստվում է վաճառել իր առաջին բերքը:
Շեն Ֆրանսիայի անդամները տպավորված էին մարկետինգային խմբի և մյուս ծրագրերի հաջողությամբ և կայունությամբ: