Սպիտակի պետական քոլեջի ուսանողներն ագրոանտառում
Սպիտակի պետական քոլեջի գյուղատնտեսության բաժնի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներն ու դասախոսական կազմն այցելեցին Շենավանի նորաստեղծ ագրոանտառ։ Այստեղ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության մասնագետներն ուսանողների համար անցկացրեցին գործնական ուսուցողական դասընթաց։
Նրանք ուսանողներին ներկայացրեցին ագրոանտառի նշանակությունը, կառուցվածքն ու կառավարման առանձնահատկությունները, ծառատնկման և խնամքի մեթոդները, ինչպես նաև կայուն գյուղատնտեսության հիմնական սկզբունքները։
Ուսանողները շրջեցին ագրոանտառի տարածքով, ծանոթացան ծառատեսակներին և տնկման սխեմային, ոռոգման կաթիլային համակարգին։ Այնուհետև դասընթացից ստացած գիտելիքների կիրառմամբ իրականացրեցին ծառերի բնաբաժակների բացման աշխատանքներ՝ ջրի արդյունավետ օգտագործման և էրոզիայի կանխարգելման նպատակով։
Շենավանի ագրոանտառն առաջինն է հայաստանում և հիմնվել է «Շեն» ԲՀԿ կողմից իրականացվող «7 հա տարածքի ագրոանտառաբուծական վերականգնում Շենավանում» ծրագրով «Ծառ քեզ համար» (A Tree for You) կազմակերպության ֆինանսավորմամբ։ Իսկ ագրոանտառաբուծության վերաբերյալ դասընթացներն իրականացվում են գերմանական «Հաց աշխարհին» (Bread for the World) ֆինանսավորմամբ «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ» ծրագրի շրջանակում։
Նման նախաձեռնություններով «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ջանում է նպաստել երիտասարդների գործնական հմտությունների ձևավորմանը և խթանել շրջակա միջավայրի պահպանությունն ու համայնքային զարգացումը։