Գյուղատնտեսական խորհրդատվության հավաստագրված ծառայության հիմնում
Ժամանակի ընթացքում մասնավոր խորհրդատվական միավորների ստեղծումը շուկայում կստեղծի մրցակցային դաշտ, որը կբերի մատուցվող խորհրդատվության որակի բարձրացմանը: Լիցենզավորված մասնավոր խորհրդատուներն իրենք կձգտեն առաջավոր տեխնոլոգիաների վերաբերյալ խոհրդատվություն իրականացնել, որը կնպաստի ոլորտի արդիականացմանը։
ՀՀ կառավարության 2017թ. մարտի 9-ի թիվ 243–Ա որոշմամբ դադարեցվել է Գյուղաջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) գործունեությունը, որոնք հանդիսանում էին ՀՀ-ում գործող «Գյուղատնտեսական խորհրդատվության ծառայություն» մատուցող հիմնական կառույցը:
Այսօր գյուղատնտեսական խորհրդատվության բացակայությունը հսկայական խնդիր է փոքր, միջին ու մեծ արտադրության ծավալներ ունեցող տնտեսություններում, փակ գրունտում, անասնապահության ու անասնաբուծության ճյուղերում: Որակյալ խորհրդատվության պահանջը մեծ է առաջնային արտադրությունից մինչև հետ բերքահավաքային պահպանություն ու վերամշակում:
Մասնագիտացված խորհրդատվության բացակայության պայմաններում ֆերմերները ոչ նպատակային են օգտագործում իրենց ունեցած հողային ռեսուրսը կամ առհասարակ չեն օգտագործում:
Ակնհայտ է, որ անհրաժեշտ է նպաստել խորհրդատվական ծառայության նոր մոդելի ձևավորմանը, որը առաջավոր գիտելիքն ու փորձը կհասցնի ֆերմերներին: Ծրագրի նպատակն է գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրված մասնավոր խորհրդատվական ծառայության պիլոտային մոդելի հիմնումը: