Image

Փոխայցելություն չրագործությամբ զբաղվող տնտեսություններ

Շվեյցարական Միջեկեղեցական Օգնության Կազմակերպության (HEKS/EPER) կողմից ֆինանսավորվող «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագիրն իրականացվում է համատեղ «Շեն» և «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպությունների կողմից: Ակնհայտ է, որ այս երկու մարզերն ունեն մրգի ոլորտի զարգացման պոտենցիալ, և ոլորտի բացթողումները վերացնելու պարագայում մրգի արժեշղթան մեծ տնտեսական ազդեցություն կարող է ունենալ համայնքների զարգացման համար։

Այս առիթով սեպտեմբեր 16-ին կազմակերպվեց փոխայցելություն Արմավիր մարզի չրագործությամբ զբաղվող տնտեսություններ, որի հիմնական նպատակն էր Արմավիրի մարզում գործող չորացված մրգերի արտադրությամբ զբաղվող մեծ և միջին տնտեսությունների միջոցով ցուցադել չորացված մրգերի արժեշղթայի զարգացման ներկա վիճակը, հնարավորությունները և հեռանակարները:

Այցելությանը մասնակցում էին 24 հոգի՝ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մարկետինգային խմբի ներկայացուցիչները, միրգ արտադրող ֆերմերները, մրգերի պահպանմամբ զբաղվող մարկետինգային խմբերի ներկայացուցիչները և չրագործները: Մասնակիցներն այցելեցին Արմավիրում գործող 2 տնտեսություն՝ «Սուսաննա Հակոբյանի» Ա/Ձ և «Գարիկ Հակոբյանի» Ա/Ձ։

«Սուսաննա Հակոբյանի» Ա/Ձ-ն իր գործունեությունն սկսել էր շուրջ 4 տարի առաջ: Ունենալով այգիներ Արմավիրի մարզում և թարմ վիճակում վաճառելով միրգը արտահանող խոշոր կազմակերպություններին՝ անընդհատ բախվել էր խնդիրների, քանի որ գնորդները գնում էին միայն հատընտիր մրգերը, իսկ 2-րդ կամ 3-րդ սորտի մրգերի վաճառքը բավականին դժվարանում էր: Սա պատճառ հանդիսացավ, որպեսզի ընտանիքով զբաղվեն չորացված մրգերի և տնական օղիների արտադրությամբ:

Փոխայցելության ընթացքում ամուսիններ Տարոն և Սուսաննա Հակոբյանները ներկայացրեցին արտադրության ամբողջ շղթան՝ սկսած մթերումից․ տեսակավորում, լվացում, ծխահարում, չորացում, իսկ չորացումից հետո տեսակավորում, պահպանում և վաճառք: Մասնակիցներն իմացան, թե որ տեսակի չրերն ունեն ավելի մեծ պահանջարկ շուկայում, ծանոթացան չրանոցների տեսակներին, դրանց կողմից չրի արժեքի վրա ավելացվող ծախսին, արևային ու էլեկտրական հոսանքով աշխատող չրանոցների տարբերությանը և այլ մանրամասների։ 

Այնուհետև մասնակիցները կատարեցին շրջայց ամբողջ արտադրամասի տարածքով ծանոթացան այլ սարքավորումների, եղան նաև սառնարանային տնտեսությունում, որտեղ պահվում էր թարմ միրգ ու արդեն պատրաստի արտադրանքը: Վերջում եղան նաև օղու թորման արտադրամասում, որը գարնանից 24 ժամ անընդմեջ աշխատում է, պատրաստելով բազմազան մրգային օղիներ, որոնք վաճառվում են և՛ տեղական շուկայում, և՛ բարձրակարգ ռեստորաններում: 

Հաջորդիվ մասնակիցները եղան «Գարիկ Հակոբյանի» Ա/Ձ-ին պատկանող վերամշակման արտադրամասում: Այս վերամշակողն իր գործունեությունն սկսել էր 1999 թվականից և ուներ բավականին մեծ փորձառություն, մեծաթիվ աշխատողներ, կատարում էր մեծաքանակ մթերումներ։

Այս կազմակերպության մոտեցումները տարբերվում էին այլերից գործելաոճով և ամբողջ մարզում իր ուրույն դիրքն ունենալով: «Գարիկ Հակոբյանի» Ա/Ձ-ն փոքր չրագործերին տրամադրում է սարքավորումներ, ֆինանսավորում, կրթում և արդյունքում գնում արտադրված չրերը: Այսպիսով հնարավորություն է ստեղծում ֆերմերների համար, որպեսզի նրանք կարողանան իրենց արտադրած մրգերին կամ բանջարեղեններին հավելյալ արժեք հաղորդել: Այսպիսով բազմաթիվ ֆերմերներ են համագործակցում կազմակերպություն հետ: Տեսականին և առաքվող երկրների ցանկն այս տնտեսության պարագայում նույնպես բազմազան է՝ արտադրում են 25 և ավելի չրերի տեսականի, իսկ վաճառում՝ 30 և ավելի երկրներում:

Մասնակիցներն իսկապես ոգևորված էին կազմակերպված փոխայցելության առթիվ, քանի որ բացի ստացված գիտելիքներից ու տնտեսության վարման նրբություններից, այսպիսի խոշոր վերամշակողների ներկայացումը լավագույն կապերի ստեղծման հիմքերից է հանդիսանում հետագայում համագործակցելու առումով: Այստեղ մասնակիցները կարողացան տեսնել, որ հնարավոր է ինքնուրույն զարգացնել ցանկացած բիզնես:

Մեկնարկի ամսաթիվ
Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել