what we do

Բնության պահպանություն

Հայաստանի անտառային դաշինք

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ուրախությամբ հայտարարում ենք Հայաստանի անտառային դաշինքի հիմնադրման մասին։

Image
FAA

Մեր երեք կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում անտառվերականգնման և անտառստեղծման ոլորտում, միավորվել են՝ նպատակ ունենալով միասնականորեն հանդես գալ ի պաշտպանություն Հայաստանում անտառային էկոհամակարգերի պաշտպանությանն ու վերականգնմանն ամենալայն իմաստով, նպաստել Հայաստանի անտառային ծածկույթի ավելացմանը։ Դաշինքի միջոցով մենք ցանկանում ենք միասնաբար բարձրաձայնել ոլորտի խնդիրները հանրային քաղաքականություն մշակողների շրջանում, ինչպես նաև բարձրացնել հասարակության իրազեկությունը մարդու կյանքի համար անտառների կենսական կարևորության և անտառածածկույթի պաշտպանության և ընդլայնման անհրաժեշտության մասին:

Անտառային էկոհամակարգերը մարդուն տալիս են բազմաթիվ օգուտներ՝ կլիմայի կարգավորման, ջրամատակարարման, էրոզիայի վերահսկման, կենսաբազմազանության, մաքուր օդի, ածխաթթու գազի կլանման և այլնի առումով: Միևնույն ժամանակ, անտառները բախվում են թե՛ մարդածին, թե՛ կլիմայական ազդեցությամբ պայմանավորված հսկայական ճնշումների:

Հայաստանը, որպես աղքատ անտառածածկույթ ունեցող երկիր, կանաչ տարածքների սակավության լուրջ խնդիր ունի, ինչը հանգեցնում է հողի էրոզիայի բարձր տեմպերի և բացասաբար ազդում ջրային ռեսուրսների վրա: Կլիմայական ճգնաժամով և ավելի ու ավելի էքստրեմալ եղանակային իրադարձություններով պայմանավորված այս ազդեցություններն ավելի են սաստկանում, իսկ անտառածածկ տարածքների բացակայության արդյունքը դառնում է ավելի էական: Միևնույն ժամանակ, անտառվերականգնման համար հարմար տարածքները շատ չեն՝ երկրի բարձրադիր լինելու և հիմնականում շատ չոր պայմանների պատճառով:

Հայաստանի անտառային դաշինքի առաջնահերթություններն են լինելու․

  1. Հայաստանի անտառային ծածկույթի ընդլայնման նպատակով նոր հողատարածքների հատկացում

  2. Բնական անտառների պահպանություն և վերականգնում

  3. 1960-1980-ական թվականներին տնկված անտառների կայուն կառավարում և պահպանություն

  4. Կանգնեցնել վայրի տարածքների համատարած այրում, ինչը բացասաբար է ազդում ծառերի բնական վերաճի և կենսաբազմազանության վրա

Իր նպատակներին հասնելու և առաքելությունն իրականացնելու համար Դաշինքը ծավալելու է հետևյալ գործունեությունը․

ա. Պարբերաբար կլոր սեղանների կազմակերպում պետական ​​մարմինների ներկայացուցիչների և անտառներին առնչվող այլ շահագրգիռ կողմերի հետ, ինչպիսիք են համալսարանները, գիտական հաստատությունները, ՀԿ-ները, միջազգային կազմակերպությունները և այլոք՝ ոլորտի հրատապ հարցերը քննարկելու և կոնկրետ արդյունքներ ստանալու նպատակով:

բ. Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբերի կազմում պետական ​​մարմինների հետ՝ ապահովելու գործնական հետևողականություն:

գ. Հանրային իրազեկվածության բարձրացման արշավներ անտառների և ընդհանրապես ծառերի կարևորության մասին տարբեր հաղորդակցման մեթոդների, լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի, ցուցահանդեսների, սեմինարների և այլնի միջոցով:

Դաշինքը բաց է և ողջունում է Հայաստանում գործող անտառվերականգնման և անտառհիմնման կազմակերպություններին, որոնք կցանկանան անդամակցել՝ համաձայն Դաշինքի կանոնադրության։

Հայաստանի անտառային դաշինքը լիահույս է, որ կկարողանա աջակցել հասնելու մեծամասշաբ ու երկարաժամկետ ազդեցության Հայաստանի անտառների համար։

Անտառների վերականգնում

Հայաստանի անկախության առաջին տարիների էներգետիկ ճգնաժամը բավականին բացասական ազդեցություն ունեցավ շրջակա միջավայրի, հատկապես՝ անտառների վրա: Այդ ժամանակաշրջանում և՛ գյուղական, և՛ քաղաքային բնակչությունը որպես վառելանյութ հիմնականում օգտագործում էր անտառներից ստացված փայտը: Չնայած այն փաստին, որ 2000-ականներից սկսած և հատկապես բնական գազի մատակարարման վերսկսումից հետո անտառներից ստացվող վառելանյութի ծավալները կրճատվեցին, անտառապատ տարածքների ընդհանուր մակերեսը ներկայումս զգալիորեն կրճատվել է, հասնելով երկրի տարածքի 8-9%-ին:

2006 թ.-ին մեր պատվերով նկարահանվեց անտառների կրիտիկական վիճակի մասին պատմող «Հայաստանի անտառները» վավերագրական ֆիլմը, որը հեռարձակվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով:

 ​

Image

 

Անտառների վերականգնումը՝ ծառերի լայնամասշտաբ տնկումը և դրանց պահպանման ապահովումը, հանդիսանում է վերը նշված խնդրի լուծման գլխավոր ուղղություններից մեկը: Այդ պատճառով, մեր համեստ կարողությունների շրջանակներում ստանձնեցինք այդ բացը լրացնելու պատասխանատվությունը: Մասնավորապես, 2006թ.-ին Կոտայքի մարզի Ջրաբեր համայնքի մոտակայքում հիմնեցինք անտառային և դեկորատիվ ծառերի տնկարան 3 հա տարածքի վրա:  Տնկարանից ստացվող երիտասարդ ծառերը անտառների վերականգնման նպատակով անվճար տրամադրվում ենք պետական անտառային տնտեսության մարմիններին, բնապահպանական ՀԿ-ներին և գյուղական համայնքներին: 2008թ.-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսությունը 8 հա տարածքի վրա տնկեց կաղնու անտառ, օգտագործելով մեր տնկարանից ստացված երիտասարդ ծառերը: Սկսած 2010թ.-ից մեր տնկարանից անտառային և դեկորատիվ ծառեր ենք նվիրաբերում Կոտայքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզի գյուղերին:

 

Image

 

2017թ.-ից Օդմար Պիգե հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել ենք մեր առաջին անտառվերականգնման ծրագիրը: Թթուջուրում 10 հա ընդհանուր մակերեսով, Ճամբարակում՝ 11 հա տարածքով բազմամշակութային անտառներ ենք տնկել և մինչ այժմ շարունակում ենք տնկել։

 

Image
Reforestation Chambarak

 

Ավելին, «A Tree For You» ֆրանսիական կազմակերպության աջակցությամբ Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի հողատարածքներում սկսել ենք 5 հա բազմամշակութային անտառ տնկելու նոր ծրագիր: Ծրագրի առաջին փուլն ավարտել ենք 2021թ․-ին՝ վերը նշված 5 հա-ից 2 հա-ի վրա տնկելով 10․400 ծառ։ Նախապես պատրաստած հողում տնկել ենք կաղնու, սոճու, բարձր լեռնային թխկու, կեչու, արևելյան խնձորենու, կովկասյան տանձի տնկիներ։ Հաշվի առնելով, որ թփերը շատ կարևոր են անտառի կենսաբազմազանության համար, տնկել ենք նաև դեղին ակացիայի և լոռամրգիի թփեր։ Առջևում դեռ երկու փուլ կա, որոնց ավարտին Ձորագլուխը կունենա 5 հա անտառ՝ 26․000 ծառերով։

 

Image
A Tree For You

 

Բնապահպանական կրթություն

Հայաստանի անկախության առաջին տարիներին ծանր տնտեսական վիճակի պատճառով երկրի բնակչությունը մեծ վնաս հասցրեց մայրենի բնությանը: Ցավոք, երկրի զարգացման հետ ընդհանուր վերաբերմունքն այդպես էլ չփոխվեց։ Այդ պատճառով, մենք գործունեություն ենք իրականացնում այս ոլորտում՝ սկսելով կրթությունից և հատուկ շեշտ դնելով երիտասարդ սերնդի վրա: Ակնկալվող վերջնական արդյունքը գյուղական համայնքների բնակչությանը կայուն զարգացման հնարավորության ընձեռումն է նրանց օրգանական գյուղատնտեսությունում ներգրավման միջոցով, և բնապահպանական գիտակցության զարգացումը հանրային կանաչապատ տարածքների խթանման միջոցով:

2010թ.-ին մեր պատվերով մշակվեց միջնակարգ դպրոցների համար նախատեսված «Շրջակա միջավայր և բնապահպանություն» դասագիրքը: ՀՀ Կրթության և գիտության նախարարությունն այս դասագիրքն առաջարկեց միջնակարգ դպրոցի աշակերտների արտադասարանական ուսուցման համար: Դասագրքի նկատմամբ պահանջարկն այնքան բարձր էր, որ այն հրատարակվեց երկու անգամ: Մինչ օրս գյուղական դպրոցների գրադարաններին հատկացվել է այս դասագրքի 6,000 օրինակ:

 

Image
Environmental Education

 

Կանաչ համայնքներ

Կանաչ համայնքների ծրագրի նպատակներից մեկն է դպրոցների, մանկապարտեզների, համայնքային և արվեստի կենտրոնների հարևանությամբ գտնվող ճանապարհների եզրերին ծառերի տնկումը: Համաձայն համայնքների հետ կնքված պայմանագրերի, գյուղապետարանները և Համայնքային նախաձեռնող խմբերը պարտավորվում են ապահովել ծառերի պահպանությունը և խնամքը: Մենք հետևում ենք այս ծրագրի առաջընթացին մեր մարզային գրասենյակների միջոցով:

2006թ.-ին մեկնարկեցինք նոր նախաձեռնություն, որի նպատակն էր շահառու համայնքներին աջակցություն ցուցաբերելը դրանք մաքուր և կանաչապատ դարձնելու համար: Սկսած 2010թ.-ից Կանաչապատ համայնքների ծրագրի շրջանակներում մեր տնկարանից Կոտայքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի մոտ 40 գյուղերի նվիրել ենք անտառային և դեկորատիվ ծառեր: Ինչպես ցույց են տալիս տարեկան մշտադիտարկումները, ծառերի մեծամասնությունը պատշաճ խնամվում է՝ գեղեցկացնելով համայնքները:

2010թ.-ին մեր Սփյուռքի գործընկեր Յալկեզեան հիմնադրամը որոշում կայացրեց մասնակցել այդ աշխատանքներին: Հիմնադրամի աջակցությամբ տարեկան ավելի քան 1,000 ծառ ենք տրամադրում երկրի տարբեր շրջաններում գտնվող մեր շահառու գյուղերին: Ներգրավված բոլոր համայնքներում իրականացվում է անհրաժեշտ ոռոգման ցանցերի կառուցում և վերանորոգում:

 

Image
Green Communities

 

Կանաչապատ համայնքների ծրագրի երկրորդ նպատակը գյուղերում մաքրման աշխատանքների խթանումն է և մշտական աղբահանության հետագա կազմակերպումը: Առաջին հաջողությունները գրանցվել են Տավուշի մարզի Բերդավան և Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղերում, որտեղ համապատասխան գյուղապետարանների որոշումներով կազմակերպվել են աղբավայրեր: Վերջիններս կազմակերպվել են ՀՆԽ-ների, դպրոցականների և համայնքի անդամների ուղղակի ներգրավման միջոցով: Դրա նպատակն էր բնակիչների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների միջոցով հասնել կայունության: Այսօր ավելի քան 40 գյուղեր իրենց համայնքներում կազմակերպում և կանոնավոր կերպով իրականացնում են աղբահանություն:

Որպես այս ծրագրի շրջանակներում լրացուցիչ գործունեություն, ներդրվել է կենսահումուսի արտադրություն, որը, բացի իր ուղղակի օգուտներից, օգնում է նաև մաքուր վիճակում պահել գյուղի ճանապարհները: Անասնապահությամբ զբաղվող 12 համայնքներում մեր օրգանական գյուղատնտեսության ընդլայնման խումբը կազմակերպել է հումուսի արտադրության թեմայով ուսուցում և համայնքի շահագրգիռ անդամներին տրամադրել Կալիֆոռնիական կարմիր որդերի անհրաժեշտ քանակությունը: Վեց ամիս անց, մեր մշտադիտարկման խումբն արձանագրեց, որ որոշ գյուղացիական տնտեսություններ սկսել էին պարարտացնել իրենց խնձորի այգիները և կենսահումուսի կույտերի քանակն ավելացել էր: Ծրագրի շրջանակներում ձեռքբերված հաջող փորձը կներդնենք նաև Հայաստանի այլ մարզերում:

 

Image
Biohumus

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել