what we do

Սոցիալական զարգացում

Շահառուների համախմբում

Միջազգային գործընկերների աջակցությամբ մենք իրականացրել ենք ավելի քան 370 ծրագիր Հայաստանի ողջ տարածքում՝ հատուկ ուշադրություն դարձնելով երկրաշարժից տուժած շրջաններին, փախստականներով բնակեցված գյուղերին և հեռավոր համայնքներին:

Ցանկացած ծրագիր սկսելիս, նախ և առաջ, իրականացնում ենք համայնքի մոբիլիզացիա, այդպիսով աջակցելով գյուղացիներին կազմակերպվելու գործում և համապատասխան գիտելիքներ և հմտություններ փոխանցելով պոտենցիալ առաջնորդներին: «Շեն»-ի մարզային ներկայացուցիչների աջակցությամբ տեղական ակտիվիստները կարևոր դերակատարում են ստանձնում  կարիքների մասնակցային գնահատման, ծրագրերի պլանավորման, իրականացման և գնահատման, ինչպես նաև հետագա շահագործման և պահպանման գործում: Ամենապրոակտիվ Համայնքային նախաձեռնող խմբերը (ՀՆԽ) դառնում են Համայնքային կազմակերպությունների (ՀՄԿ) ձևավորման հիմքը:

Մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ Հայաստանի բոլոր մարզերի 26 գյուղական համայնքներ ստացել են լայնաշերտ ինտերնետ կապ և հասանելիություն նորաստեղծ համակարգչային կենտրոններին։ Մենք այս ծրագիրն իրականացրել ենք 2009-2014 թվականներին Orange Armenia ՍՊԸ-ի (France Telecom) աջակցությամբ: Այս պիլոտային ծրագիրն իրականացնելուց հետո վերջին տարիներին ինտերնետը հասանելի է դարձել Հայաստանի գյուղերի մեծ մասում։ Այն հնարավորություն է տալիս գյուղական բնակչությանը, ներառյալ մեր տեղական գործընկեր ՀՆԽ-երին, օգտվել այլընտրանքային տեղեկատվությունից:

 

Image
Beneficiary mobilisation

 

Սոցիալական ենթակառուցվածքներ

20-րդ դարի 90-ականներից «Շեն»-ը մեկնարկել է սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի իրականացումը: Կոնկրետ սոցիալական ծրագրի ընտրությունը հիմնվում է համայնքի հետագա տնտեսական զարգացման հեռանկարի վրա: Ինչպես հայտնի է մեր կողմից իրականացվող նախաձեռնությունների հիմնական սկզբունքը սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերում համայնքի կողմից ակնկալվող էական ներդրումն է:

Մեր հովանավորների և գործընկերների առատաձեռն աջակցությամբ մենք վերանորոգել ու կահավորել ենք 28 դպրոցնի մարզադահլիճ և մարզահրապարակ, 29 մանկապարտեզ և 21 համայնքային կենտրոն։ Համայնքային 17 առողջապահական կենտրոնի տրամադրել ենք ժամանակակից սարքավորումներ։ Վեց գյուղում կառուցել ենք փողոցների լուսավորության ցանց, ևս վեց համայնքներում՝ կամուրջներ, ինչպես նաև կառուցեցինք 60 կմ միջգյուղական ճանապարհներ՝ դրանով իսկ բարելավելով տրանսպորտային ենթակառուցվածքները։ Քաղցրահամ և ոռոգման ջրի մատակարարման խնդիրն առկա է Հայաստանի համայնքների մեծ մասում՝ բացասաբար անդրադառնալով գյուղացիների սոցիալ-տնտեսական կյանքի վրա։ Ի պատասխան՝ մենք պարտավորվել ենք 63 համայնքներում կառուցել և վերանորոգել խմելու և ոռոգման ջրի համակարգերը։

Հայաստանի համայնքային կենտրոններում սովորաբար կարող են տեղավորվել գյուղապետարանը, հանրային ժամանցի սենյակ(ներ)ը, հանդիսությունների դահլիճը, արվեստի բազմազան ակումբները, համակարգչային կենտրոնը և այլն: Համարյա բոլոր գյուղերում կան համայնքային կենտրոններ, որոնք հիմնականում կառուցվել են խորհրդային ժամանակաշրջանում: Սակայն անցած դարի 90-ականից սկսած, դրանք բոլորն էլ հիմնանորոգման կարիք ունեն:

 

Image
Norakert

 

Անկախությունից հետո գյուղերի մանկապարտեզները փոխանցվեցին գյուղապետարաններին: Սակայն սուղ միջոցների պատճառով, գյուղերի մանկապարտեզների մեծ մասը դադարեց գործել: Չգործող մանկապարտեզների շենքերը սկսեցին աստիճանաբար քայքայվել: Այդպիսով, շահառու շատ գյուղերում մանկապարտեզների վերանորոգումը և շահագործումը գյուղական շրջանների կանանց աշխատանք ունենալու հնարավորություն է տալիս: Այն շրջաններում, որտեղ ավելի զարգացած է գյուղատնտեսությունը կամ գոյություն ունի ոչ գյուղատնտեսական արդյունաբերություն, աշխատող կանայք կարող են վաստակել նույնքան, որքան տղամարդիկ: Սա նշանակում է, որ երեխաների խնամքի հոգսից ազատված կանայք կարող են աշխատել և համալրել իրենց ընտանիքների եկամուտները:

 

Image
Sev Kar

 

Հայաստանի գյուղական շրջանների համար ամենասուր խնդիրներից մեկը խմելու ջրի հասանելիությունն է՝ մի շարք պատճառներով, որոնցից հիմնականը խողովակաշարերի քայքայված վիճակն է: «Շեն»-ն իր շահառու գյուղական համայնքներում իրականացնում է հին խողովակաշարերի վերակառուցման և/կամ նորերի կառուցման ծրագրեր, կենսաապահովման ամենատարրական ստանդարտներից մեկն ապահովելու նպատակով:

 

Image
Water System

 

«Շեն»-ն ուշադրություն է դարձնում նաև աղքատ ընտանիքների երեխաների ժամանցին և կրթությանը: 1999թ. Շիրակի մարզի Եղնաջուր համայնքում այդ նպատակով վերանորոգված դպրոցի շենքում հիմնադրեցինք մանկական ճամբար: Առ այսօր Շիրակի մարզի Գյումրի քաղաքի և այլ համայնքների տարեկան մոտ 150 երեխաներ իրենց հանգիստն են անցկացնում ճամբարում՝ վայելելով մաքուր օդը, առողջ սնունդը և զվարճանքով աշխատելով ֆերմայում:

 

Image
Summer Camp

 

Շատ համայնքներում երիտասարդությունը զբաղված է սեզոնային աշխատանքներում, ինչը նշանակում է, որ նրանք բավականաչափ ազատ ժամանակ ունեն: Այն առողջ և արդյունավետ դարձնելու նպատակով մենք կառուցում և/կամ վերանորոգում ենք գյուղերի մարզադահլիճները՝ այդպիսով զգալիորեն բարելավելով կյանքի որակը գյուղերում: Գյուղական համայնքներում մարզադահլիճների կառուցման/վերանորոգման օգտին խոսող ևս մեկ փաստարկ է այն, որ սպորտային ենթակառուցվածքների պակասի պատճառով գյուղերի երեխաները զրկված են իրենց ազատ ժամանակը վայելելու հաճույքից:

 

Image
Gym Renovation

 

Գյուղական բուժկետերի կառուցումը կամ վերանորոգումը և դրանց ապահովումը սարքավորումներով, ինչպես նաև բուժքույրերին անհրաժեշտ ուսուցում անցնելը մշտապես եղել է մեր առաջնահերթություններից մեկը: 

 

Image
Medical Centre

 

2011թ.-ից սկսած, Փարիզի Ֆրանսահայ բժիշկների միությունը (UMAF) Շեն ԲՀԿ-ի աջակցությամբ տարին մեկ անգամ իրականացնում է «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը: Մինչ օրս ծրագրի շահառու են դարձել Արագածոտնի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերի բնակիչները: Ֆրանսիայից ժամանած բժիշկները տեղում պատրաստում և տրամադրում են ակնոցներ այն երեխաներին, որոնք մինչ այդ անցնում են տեսողության ստուգում: Ծրագրից օգտվում են նաև տարեց բնակիչները, որոնք ստանում են անվճար ակնոցներ: Ծրագրի իրականացման ընթացքում ակնոցներ են ստացել ավելի քան 2․500 երեխաներ և 12․000 մեծահասակներ:

 

Image
UMAF

 

Համայնքային զարգացում

Խոցելի համայնքի կամ համայնքների խմբի Համայնքային համապարփակ զարգացումը (ՀՀԶ) սոցիալական, տնտեսական և բնապահպանական հիմնախնդիրների ինտեգրումն ու դրանց համակարգված լուծումն է: Մենք ակտիվորեն կիրառում ենք այս մեթոդաբանությունը Հայաստանի բազմաթիվ գյուղերում, որտեղ ընդհանուր զարգացումը պահանջում է համակարգային մոտեցում՝ գյուղական շրջաններում ապրուստի միջոցների ստացմանն առնչվող մի շարք խնդիրներ լուծելու  նպատակով: Գյուղական ենթակառուցվածքների որոշակի բաղադրիչների, այդ թվում՝ ոռոգման ցանցի, անասնաբուժական ծառայության՝ ներառյալ արհեստական բեղմնավորումը, գյուղատնտեսական տեխնիկային առնչվող ծառայությունների, փոքրածավալ արտադրությունների և այլնի, ապահովումն ամուր հիմք է ստեղծում համայնքների կայուն տնտեսական զարգացման համար: Վերը նշված բոլոր և մի շարք այլ ենթակառուցվածքների/ծառայությունների կայունությունը մեծապես կախված է որոշումների կայացման և իրականացման գործընթացներում համայնքի բնակիչների մշտական մասնակցությունից և ներգրավվածությունից:

Image

 

Մեկնարկային փուլն սկսվում է Գյուղական մասնակցային գնահատմամբ, որն իրականացվում է ամբողջ համայնքի ուղղակի ներգրավմամբ: Դրան հաջորդում է համայնքի Ընդհանուր ժողովի հրավիրումը, որի ընթացքում ընտրվում է Համայնքային նախաձեռնող խումբ (ՀՆԽ): Այնուհետև ՀՆԽ-ն և մեր ներկայացուցիչները նախաձեռնում են Համայնքի ռազմավարական պլանի նախագծի մշակումը: Սա կենսական նշանակություն ունեցող գործընթաց է, որը, վերջիվերջո, համայնքի կայունության համար հիմք է ստեղծում: ՀՀԶ մոդելի իրագործումը հնարավորություն է տալիս ապահովելու համայնքի անդամների զգալի ներգրավվածություն բոլոր պլանավորվող գործողություններում, այդպիսով օգտագործելով և՛ համայնքի, և՛ «Շեն» ԲՀԿ-ի կարողությունները պլանավորված ծրագրերն արդյունավետորեն իրագործելու համար, նույնիսկ տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Image

 

ՀՀԶ մոդելը ներդրել ենք սկսած  2001թ.-ից և վերջին տասնամյակում այն շոշափելի արդյունքներ է ապահովել մեր՝ աղքատության չափանիշների հիման վրա ընտրված թիրախային համայնքներում: Երկրի տարբեր մարզերի մի շարք համայնքներում իրականացված ծրագրերն ապացուցել են մեր կողմից ընտրված ռազմավարության արդյունավետությունը (տե՛ս Ավարտված ծրագրերը): Այսպիսով, մենք ականատես եղանք, թե ինչպես կարելի է սահմանափակ միջոցների ներգրավմամբ հասնել կայունության՝ հանուն համայնքի բարեկեցության: Բոլոր այն ծրագրերում, որոնցում առկա են ֆիզիկական ենթակառուցվածքների վերանորոգման կամ կառուցման բաղադրիչներ, շահառու համայնքի կողմից  իրականացվող ներդրումը պետք է կազմի ծրագրի ընդհանուր արժեքի առնվազն 20%-ը:

 

Image
Training

 

Եվ ամենակարևորը, ՀՀԶ մոտեցման կիրառումն ուղղորդեց անցումային փուլում գտնվող համայնքներին՝ ծառայությունների պասիվ օգտվողի կարգավիճակից նրանց տանելով դեպի հզորացում և կարողությունների զարգացում: Մասնակցության, համագործակցային պլանավորման և որոշումների կայացման փուլից հետո համայնքներն ստանում են կայունությանն ուղղված, ձեռքբերված արդյունքները պահպանելու և կատարվող առաջադրանքների ներքին մոնիթորինգի համար անհրաժեշտ գործիքներ: Մենք հատուկ ուշադրություն է դարձնում նշված մոդելը շահառու համայնքից դեպի հարևան համայնքներ փոխանցելու վրա:

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել