what we do

Տնտեսական զարգացում

Գյուղատնտեսական կոոպերատիվներ

Անցյալ դարի 90-ականների սկզբին Հայաստանը նախկին Խորհրդային հանրապետությունների շարքում առաջինն իրականացրեց գյուղատնտեսական ակտիվների, այդ թվում՝ հողերի, անասունների, ընտանի թռչունների և գյուղատնտեսական տեխնիկայի, զանգվածային մասնավորեցում: Արդյունքում ստեղծվեցին ավելի քան 340,000 մասնավոր փոքր գյուղացիական տնտեսություններ (միջինը 1.5 հա հողատարածք մեկ տնտեսության հաշվով)՝ ավելի քան 1.3 միլիոն հողակտորներով: Սակայն փոքր և մասնատված գյուղացիական տնտեսությունները, ինչպես նաև հիմնականում հնացած և ռեսուրսների օգտագործման տեսանկյունից ոչ արդյունավետ գյուղատնտեսական մեթոդները և տեխնոլոգիաները խոչընդոտում էին գյուղատնտեսական արտադրության արդյունավետ կազմակերպմանը: Հին և քայքայված ենթակառուցվածքները, գյուղատնտեսական արտադրանքի շուկայական առաջխաղացման հետ կապված դժվարությունները, ֆինանսական ռեսուրսների դժվար հասանելիությունը, հմտությունների զարգացման և մասնագիտական ուսուցման համար ոչ համարժեք հնարավորությունները, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման ծառայությունների ցածր որակը բացասական ազդեցություն ունեցան գյուղական շրջաններում աղքատության խորացման հարցում, որի մակարդակը 2020թ.-ին հասավ Հայաստանի ամբողջ բնակչության թվի 27%-ին:

 

Image
Water Drain

 

Սկսած 1999թ.-ից, չօգտագործվող պահուստային հողերի վրա պտղատու այգիների հիմնումը եղել է մեր գործունեության կարևոր բաղադրիչներից մեկը: Ձեռք բերված արդյունքները վերլուծելուց հետո որոշեցինք վերանայել նոր պտղատու այգիների հիմնման ռազմավարությունը։ Հատկապես առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվել գյուղական ձեռներեցության խթանման և անհատ ֆերմերներին աջակցելու համար։ Մենք ներգրավում ենք այն ֆերմերներին, ովքեր ունեին անհրաժեշտ վճռականությունը, սակայն չունեին բավարար միջոցներ ցածրորակ հողերի վրա պտղատու այգիներ հիմնելու համար: Համայնքների գյուղատնտեսական ներուժը գնահատելուց հետո մենք աջակցում ենք ֆերմերներին՝ բարելավելով նրանց ամայի ու աղքատ հողերը և վերականգնելով ոռոգման համակարգերը: Շահառուներն ուղղակի և էական ֆինանսական և բնաիրային ներդրում ունեն այս գործընթացում:

 

Image
Horticulture

 

Այսօր գյուղական շրջանների աղքատ բնակիչները կախված են ստվերային, հաճախ մենաշնորհված  շուկաներից, որոնք չեն նպաստում նրանց տարրական կարիքների բավարարմանը: Հաշվի առնելով վերը նշված գործոնները, մենք հանդես եկանք նոր գաղափարներով և մոտեցումներով, որպեսզի աջակցենք փոքր գյուղացիական տնտեսություններին՝ հիմնականում  բնամթերային գյուղատնտեսությունից դեպի առևտրային բնույթի գյուղատնտեսություն անցնելու գործում: Սկսած 2010թ.-ից մեր՝ եկամուտների ստեղծմանն ուղղված ծրագրերում իրագործում ենք «Շուկաներն ի շահ աղքատների» (M4P) նորարարական մոտեցումը: Մենք նպաստում ենք փոքր գյուղացիական տնտեսությունների հիմնական շահութաբեր արժեշղթաներում ավելի լավ ներգրավվելու գործընթացին, ինչի արդյունքում այդ տնտեսություններն ստանում են ավելի բարձր եկամուտներ:

 

Image
Biohumus

 

Ավելին, 2013թ.-ին մենք նախաձեռնեցինք նոր ծրագրեր, որտեղ հիմնական շեշտը դրվեց համայնքի անդամների մոբիլիզացիայի միջոցով, մասնավորապես գյուղատնտեսական կոոպերատիվների կազմակերպման և զարգացման միջոցով գյուղական շրջանների տնային տնտեսությունների համար եկամուտների ստեղծման վրա: Ծրագրերի նպատակն է մոբիլիզացնել համայնքի անդամներին ընդհանուր գյուղատնտեսական խնդիրների նույնականացման և դրանց համար համախմբված լուծումներ գտնելու համար: Որպես առաջին քայլ, մենք խթանում ենք համայնքային մակարդակով ամենապարզ միավորների ստեղծմանը, որոնք հայտնի են որպես սպառողական կամ մարքեթինգային (շահույթ չհետապնդող) կոոպերատիվներ (Կոոպերատիվների հաջողության պատմություններ (2019)):

 

Image
Vehicles

 

Ֆերմերներն աստիճանաբար գիտակցում են համագործակցության առավելությունները գյուղատնտեսական արտադրության և շուկայավարման բոլոր փուլերում: Նորաստեղծ սպառողական և գյուղատնտեսական կոոպերատիվների թվի աճը վկայում է ընդունված ռազմավարության արդյունավետության մասին։ 

Օրգանական գյուղատնտեսություն

«Շեն» ԲՀԿ-ն առաջինն է Հայաստանում սկսել զբաղվել օրգանական գյուղատնտեսական արտադրությամբ գյուղական տնային տնտեսությունների համար նոր, կայուն և շրջակա միջավայրի համար անվնաս եկամուտների աղբյուր ստեղծելու նպատակով: 2000-2012թթ. ընթացքում մենք՝ ծրագրի հիմնական գործընկեր հանդիսացող Շվեյցարական միջեկեղեցական օգնություն կազմակերպության (HEKS-EPER) ֆինանսական և թեմատիկ աջակցությամբ, խթանում էինք օրգանական գյուղատնտեսության զարգացումը, տեղեկատվություն տարածելով անհատ գյուղացիների և գյուղացիական խմբերի շրջանում օրգանական գյուղատնտեսության շրջանակներում մշակաբույսերի աճեցման մեթոդների վերաբերյալ: Այս գործունեությունն իրականացվում էր Հարավային Կովկասի երկրներում Շվեյցարական միջեկեղեցական օգնություն կազմակերպության տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Այն իրականացվեց գյուղացիներին անվճար խորհրդատվական ծառայությունների տրամադրման, ինչպես նաև օրգանական մրգերի վերաբերյալ տեղական սպառողների իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Նշված ժամանակահատվածում մեր այլ գործընկերներ, մասնավորապես՝ Շեն Ֆրանսիան, «Հաց Աշխարհին» կազմակերպությունը, Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպությունը (ICCO), ՄԱԶԾ/Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (GEF) և Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհուրդը, նույնպես համաֆինանսավորեցին այս ծրագիրը:

 

Image

 

Ծրագրի հիմնական նպատակներն էին.

  • օրգանական գյուղատնտեսության խորհրդատվական խմբի նախաձեռնումը,
  • օրգանական սերտիֆիկացման տեղական մասնավոր գործակալության ստեղծումը,
  • նոր օրգանական գյուղատնտեսական ներդրանքի ներկայացումը գյուղացիական տնտեսություններին,
  • արտահանման և տեղական շուկաների զարգացումը,
  • ոլորտի լոբբինգի և խթանման գործունեություն:

Վերջին 12 տարիների ընթացքում վերը նշված բոլոր նպատակներն ըստ էության իրագործվել են և Հայաստանում օրգանական սննդի ոլորտը զարգանում է: Փաստացի, ոլորտի հետագա զարգացման գործը ստանձնել են Հայաստանի բիզնեսի ներկայացուցիչները: Իրականացված գործունեության արդյունքում Հայաստանում հիմնվել են մի քանի տասնյակ օրգանական գյուղացիական տնտեսություններ, հիմնականում մրգատու այգիներ:

2015թ․-ին ԵՄ-ն և Ավստրիական զարգացման գործակալությունը Հայաստանում սկսեցին «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագիրը: Այս ծրագիրը ներառում էր մի շարք բաղադրիչներ, ինչպիսիք են՝ օրգանական գյուղատնտեսությանն առնչվող օրենսդրական փոփոխությունները, օրգանական գյուղատնտեսության ընդլայնման ծառայությունների խթանումը, ուսումնական ծրագրի և ժամանակակից ուղեցույցի մշակումը, մեծ և փոքր դրամաշնորհների տրամադրումն այն գյուղացիական տնտեսություններին, որոնք ցանկանում են սկսել, բազմազանեցնել կամ ընդլայնել օրգանական արտադրությունը:

Օրգանական գյուղատնտեսության ցուցադրական կրթական կենտրոն

Ծրագիրը մեկնարկել է ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի, «Հաց Աշխարհին» և Շեն Ֆրանսիա կազմակերպությունների կողմից 2012թ.-ին տրամադրած միջոցներով: Օրգանական գյուղատնտեսության ցուցադրական կրթական կենտրոնը (Կոտայքի մարզի Ակունք համայնքում) ներկայացնում և փորձարկում է օրգանական և շրջակա միջավայրի համար բարենպաստ աճեցման մեթոդները և տեխնոլոգիաների ու սարքավորումների արդյունավետ կիրառումը: Կենտրոնում գործի են դրվել օրգանական գյուղատնտեսության հիմնաքարային սկզբունքները՝ կենսաբազմազանության պահպանումը, հողի և ջրի արդյունավետ օգտագործումը, արևային էներգիայի օգտագործումը: Նման կրթական կենտրոն հիմնելու նպատակն էր հանդիսանում Հայաստանի գյուղացիական տնտեսությունների համար նոր տեխնոլոգիաներով զինված խորհրդատվական հաբի ստեղծումը, որտեղ կազմակերպվելու էին սեմինարներ և գործնական պարապմունքներ:

Ելնելով նրանից, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2019թ.-ին նախաձեռնեց օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիր, «Շեն» ԲՀԿ վարչությունը, ստանալով  ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի համաձայնությունը, նվիրաբերեց ուսումնական կենտրոնը ՀԱԱՀ-ին, պայմանով, որ այն պետք է կառավարվի որպես հավաստագրված օրգանական փորձացուցադրական ուսումնական կենտրոն: Մյուս նախապայմանն այն է, որ մենք կարող ենք շարունակել անվճար դասընթացներ անցկացնել և խորհրդատվություն ապահովել օրգանական ֆերմերների համար:

 

Image

 

Իշամեղուների օգտագործումն օրգանական այգիներում

Օրգանական այգիներում փոշոտման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2013թ.-ին մեր խորհրդատվական խումբը որոշեց օգտագործել իշամեղուներ: Այս մեթոդը կիրառվում է ամբողջ աշխարհում, սակայն Հայաստանում դրա օգտագործումը դեռևս սահմանափակ է: TRIPOL-ը հանդիսանում է բացօթյա և փակ տարածքներում մրգերի և բանջարեղենի մի շարք տեսակների գերազանց փոշոտում ապահովելու միջոց: Օգտագործողի համար նորարարական բնական փոշոտման օգուտները հետևյալն են.

  • Աշխատուժի հետ կապված ծախսերի խնայողություն,
  • Բերքի որակի բարելավում,
  • Բերքատվության աճ,
  • Փոշոտման պակաս կախվածություն եղանակային պայմաններից և բնական փոշոտիչներից,
  • Ջերմոցում ծաղկափոշու քանակության կրճատումը բարելավում է աշխատանքային միջավայրը,
  • Իշամեղուները համատեղելի են մեղրատու մեղուների հետ:

 

Image

 

Մենք նաև նպաստում ենք ավանդական գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանի այն մարզերում, որտեղ օրգանական գյուղատնտեսությունը դեռ իրագործելի չէ՝ շեշտը դնելով բարձրարժեք մշակաբույսերի՝ մրգի, բանջարեղենի, նաև բարձրարժեք հացահատիկային մշակաբույսերի մշակման վրա։ Այս առումով մի քանի ուսումնասիրություններ ենք անցկացրել Հայաստանի շատ մարզերի ամենահեռանկարային արժեշղթաների վերաբերյալ: Բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը լրացնում է երկրի լեռնային շրջանների մեծ մասում համեմատաբար մեծ ծավալներով արտադրվող ավանդական ցածրարժեք մշակաբույսերը՝ այդպիսով լրացուցիչ եկամուտ բերելով այդ տնային տնտեսություններին:

Ոչ-գյուղատնտեսական եկամուտներ

Չնայած, որ գյուղատնտեսությունը հանդիսանում է գյուղական տնային տնտեսությունների հիմնական տնտեսական գործունեությունը և զգալի մաս է կազմում նրանց եկամուտներում, գյուղացիների ընտանեկան բյուջեն կարող է համալրվել նաև այլ ոլորտներից ստացվող եկամուտներով: Մենք աջակցում ենք այն համայնքներին և առանձին տնային տնտեսություններին, որոնք ոչ գյուղատնտեսական գործունեությունում ներգրավվելու ներուժ և նպատակ ունեն:

Գյուղատնտեսական արտադրանքի վերամշակում

«Շեն» ԲՀԿ-ն խթանում է տեղական արտադրության գյուղմթերքների վերամշակումը՝ նպաստելով հավելյալ արժեքի ստեղծմանը և նոր շուկաներ մուտք գործելուն՝ ինչպես  Հայաստանում, այնպես էլ  արտերկրում: Այս բաղադրիչի շահառուներն են տեղական գյուղական բիզնեսները, անհատ ֆերմերները և գյուղատնտեսական կոոպերատիվները: Մասնավորապես, մենք գյուղական բիզնեսներին աջակցում ենք մրգերի և բանջարեղենի վերամշակման (չորացված, պահածոյացված մրգերի, հատապտուղների և բանջարեղենի արտադրություն), հացահատիկի վերամշակման (հացահատիկի զտում, քամհարում), hաճարի ձավարի արտադրության, բուսական յուղերի (կտավատի, դդմի սերմերի, խաղողի սերմերի, ծիրանի կորիզի) արտադրության, կաթի հավաքման և վերամշակման հարցում: Այս բաղադրիչի շրջանակներում շահառուներն աջակցություն են ստանում ծավալուն դասընթացների, տեխնիկական աջակցության, փոխանակման այցերի և տեղական և միջազգային առևտրային տոնավաճառներին մասնակցելու միջոցով: Վերամշակման միավորների ստեղծման համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է մրցակցային հիմունքներով` պայմանով, որ ներդրումների առնվազն 50%-ը պետք է իրականացվի շահառու բիզնեսի կողմից:

 

Image
Processing of agricultural products

 

Տեղական զբոսաշրջություն 

Մենք իրականացրել ենք տեղական զբոսաշրջության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Մասնավորապես, 2008թ.-ին մեր դասընթացներն ավարտած տեղի երիտասարդ ձեռնարկատերերի կողմից Ծափաթաղ, Շորժա և Փամբակ գյուղերում (Սևանա լճի ափին) ստեղծվել են իջևանատներ, որոնք հաջողությամբ գործում են ամառային  ամիսների ընթացքում: Ոլորտում ՀԱՀ-ի կողմից իրականացված հետազոտության հիման վրա, 2012թ.-ին մշակեցինք և հրատարակեցինք «Իջևանատների կառավարում» ձեռնարկը: Տարեցտարի ավելանում է իջևանատների թիվը Հայաստանի տարբեր մարզերում՝ ընդունելով ավելի շատ այցելուների:

 

Image
Local Tourism

 

Տուրիստական կածաններ

Կարևորելով ՀՀ տարածքում եղած մեծ թվով պատմական հուշարձաններ այցելելու արտասահմանյան  և տեղական  տուրիստների ցանկությունը՝ «Շեն» ԲՀԿ-ը, Յալկեզեան  հիմնադրամի ֆինանսական և մեթոդական աջակցությամբ, ձեռնարկեց տուրիստական կածանների ծրագիրը: Ծրագիրը ենթադրում է եղած կածանների բարեկարգում և նորերի  կառուցում, ցուցատախտակների տեղադրում և սանհանգույցների կառուցում:

2017թ․-ին համատեղ իրագործած առաջին ծրագիրը հանդիսացավ Գոշ-Խաչարձան 12կմ երկարությամբ կածանի կառուցումը, որին աջակցել է «Տրանսկովկասյան արահետ» ծրագիրը: Կառուցված կածանը ներկայացվել է տուրիստական կազմակերպություններին: Ծրագրի շրջանակում տեղադրվեցին ցուցատախտակներ և կառուցվեցին սանհանգույցներ։

 

Image

Ճամբարակում վերականգնվում է արհեստագործությունը

Հաջողությամբ իրականացվեց ասեղնագործության դասընթացների միջոցով եկամուտների ավելացմանն ուղղված ծրագիրը, որը մշակվել էր Ճամբարակ քաղաքի և հարևան գյուղերի կանանց համար: Այն մեկնարկեց 2005թ.-ին և դարձավ ծրագրի կայունության վառ օրինակ:

Image

Ծրագրի հաջողությունից ոգևորված՝ մենք մտադիր ենք նմանատիպ ծրագրեր իրականացնել նաև Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել