Հովիտ գյուղի դպրոցի մարզադահլիճի նորոգում և կահավորում
Շիրակի մարզի Հովիտ բնակավայրի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1936 թվականին: Այն երկար տարիներ ծառայել է համայնքին որպես միակ մշակութային, մարզական և կրթական հաստատությունը, որտեղ կրթվել են բազմաթիվ սերունդներ: 1988 թ․-ի ավերիչ երկրաշարժից հետո դպրոցը երկար տարիներ կիսաքանդ է եղել։ Այն կրկին շահագործման է հանձնվել 1997 թվականի վերակառուցումից հետո։
Ավելի քան 20 տարվա գործունեության ընթացքում մի շարք խնդիրներ են առաջացել նաև դպրոցի մարզադահլիճում։ Նոր մարզագույքի և կահույքի ձեռքբերման կարիք կա։ Չօգտագործված են նաև մարզասրահի սանհանգույցները։
Դպրոցի մարզադահլիճը սպասարկում է ոչ միայն դպրոցի 55 աշակերտներին։ Դպրոցական պարապմունքներից հետո Գյումրու մանկապատանեկան համալիրի մարզադպրոցի երեխաներն ու պատանիներն այստեղ սամբոյի մարզումներ են անցկացնում։ Այս մարզումների շնորհիվ նրանցից ոմանք վաստակել են պատվավոր տեղեր աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում։
AYO-ն (Հայաստանի երիտասարդական կազմակերպություն) և «Շեն» ԲՀԿ-ն ստանձնել են Հովիտի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերանորոգումը։ Վերանորոգման աշխատանքներն սկսվել են 2023 թվականի մայիսի 12-ին: Դպրոցի անձնակազմը, ինչպես նաև աշակերտներն ու նրանց ծնողները օգնում և աջակցում են յուրաքանչյուր նոր նախաձեռնության իրականացմանը և խնամքով պահպանում դպրոցի շենքն ու գույքը: Նրանք պատրաստ են մասնակցելու մարզադահլիճի վերանորոգման աշխատանքներին։ Բացի այդ, վերանորոգման ավարտից հետո համայնքը ձեռք կբերի կահույք։