«Աղնջաձոր համայնքի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվը» ծառայություն կմատուցի գարնանացանի աշխատանքներում
2023 թվականից «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունն աջակցություն է տրամադրում «Աղնջաձոր համայնքի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվ»-ին: Մեր գյուղատնտեսների օգնությամբ կոոպերատիվի անդամները կարողացան կազմել ռազմավարական ծրագիր առաջիկա երկու տարիների համար: Ըստ ծրագրի կոոպերատիվը պետք է ընդլայնի իր գործունեությունն ու ծառայություն մատուցի Վայոց Ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքում ընդգրկված 12 գյուղական բնակավայրերում: Թիրախային համայնքի խնդիրների վերլուծության ժամանակ պարզվեց, որ շահառու 12 գյուղերում չկա շարքացան և ֆերմերները օգտվում են Արարարատի մարզի տեխնիկայի ծառայություններից: Արդյունքում շատ վարելահողեր չեն մշակվում՝ ցանքի ժամկետների խախտման, ավելորդ նյութական ծախսերի պատճառով:
2024 թվականին գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ» ծրագրի շրջանակներում «Աղնջաձոր համայնքի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվ»-ին տրամադրվեց նոր շարքացան: Արդեն գարնանը Աղնջաձոր և հարևան Սալի, Հորս, Քարագլուխ, Գողթանիկ գյուղերում կկատարվի 97 հա գարնանացան ցորենի և գարու ցանք, իսկ աշնանը միայն Աղնջաձոր գյուղում կկատարվի մինչև 50 հա աշնանացանի ցանք։
Շարքացանը կծառայի ոչ միայն կոոպերատիվի անդամներին, այլև կոպպերատիվը վճարովի ծառայություն կմատուցի Աղնջաձոր և հարևան գյուղերի ֆերմերներին։