Դասընթաց-խորհրդատվություն Գյուլագարակում և Բազումում
Օգոստոսին Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Գյուլագարակ և Փամբակ խոշորացված համայնքի Բազում բնակավայրերում գերմանական «Bread for the World» (Հաց աշխարհին) կազմակերպության կողմից ֆինանսավորվող «ՀՀ-ում ֆերմերային կոոպերատիվների կողմից բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի խթանում» ծրագրի շրջանակներում իրականացրեցինք տեսական դասընթաց-խորհրդատվություն «Գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի ժամանակակից քիմիական միջոցները և դրանց կիրառման առանձնահատկությունները» թեմայով։ Գյուլակարակում դասընթացն անցկացրեցինք «Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների համար, իսկ Բազումում՝ ֆերմերների՝ այս տարի ձևավորված մարկետինգային խմբի համար։
«Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվի անդամներն զբաղվում են հացահատիկային մշակաբույսերի, շարահերք կուլտուրաների, կարտոֆիլի մեծաքանակ սերմանբուծությամբ և պարենային արտադրությամբ։ Մինչդեռ Բազումում «Շեն» ԲՀԿ կողմից տնամերձ ոռոգման համակարգը վերականգնելու և ամբողջ գյուղի համար 24-ժամյա ոռոգման հնարավորություն տալուց հետո, դեռևս մայիս ամսին ֆերմերներին տրամադրվել էր նաև սմբուկի, պղպեղի, բամիայի, լոբու և վարունգի սերմեր ու սածիլներ, որոնց բերքն արդեն վաճառում են։
Երկու բնակավայրերում էլ «Շեն» ԲՀԿ մասնագետը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց վնասակար օրգանիզմների դեմ կիրառվող պայքարի ժամանակակից միջոցները և դրանց կիրառման առանձնահատկությունները։ Հատկապես Բազումում ֆերմերների մոտ մշակության ընթացքում վնասատուների և հիվանդությունների վերաբերյալ բազմաթիվ հարցեր էին առաջացել, որոնց մեր մասնագետները սպառիչ պատասխաններ տվեցին։
Դասընթաց-խորհրդատվության արդյունքում բոլոր մասնակիցներին բաժանվեց «Շեն» ԲՀԿ մասնագետների կողմից մշակված տեղեկատվական թերթիկներ ինչպես դասընթացի, այնպես էլ գյուղատնտեսական այլ թեմաների վերաբերյալ։