«Շեն»-ն աջակցում է Կառնուտի երիտասարդ կարտոֆիլագործներին
Դեռևս 2024 թվականի փետրվարին «Շեն» ԲՀԿ կողմից գերմանական «Bread for the World» («Հաց աշխարհին») կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ» ծրագրին հայտ ներկայացրեց Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ գյուղում գործող երիտասարդ կարտոֆիլագործների խումբը՝ կազմված հինգ ֆերմերից։
Խմբի անդամներն զբաղվում են կարտոֆիլի մշակությամբ։ Նրանցից յուրաքանչյուրը միջինում մշակում է 10 հա հողատարածք՝ հիմնականում Կառնուտ գյուղում։ Հողատարածքները սեփական են, ինչպես նաև վարձակալությամբ են վերցվում մասնավոր անձանցից։ Վերջին տարիներին խումբը բարելավել է մոտ 10-12 հա ըստ նշանակության չմշակվող հողատարածք՝ հատկապես կարտոֆիլի արտադրության նպատակով։
Կառնուտի խումբն ուներ քանդող սարքի, ինչպես նաև կարտոֆիլը տեսակավորող սարքի կարիք։ «Շեն» ԲՀԿ կողմից խմբին տրամադրվեցին նշված սարքերը՝ խմբի անդամների 50% համաֆինանսավորմամբ։ Արդեն իսկ այս գյուղատնտեսական սեզոնին խումբը կարողացավ կիրառել սարքերը։
Քանդող սարքը թեթևացրեց խմբի անդամների բեռը ֆինանսական առումով։ Նախկինում նմանատիպ սարքը ստիպված էին վերցնել վարձակալությամբ կամ ծառայություն պատվիրել։
Իսկ կարտոֆիլ տեսակավորող սարքի շնորհիվ միանգամից մի քանի խնդիրներ լուծվեցին։ Նախ, մարզում առկա է բանվորական ուժի պակաս և ֆերմերները մեծ դժվարությամբ էին կարողանում օրավարձով բանվորներ գտնել, իսկ ձեռքով կարտոֆիլ տեսակավորելու համար խմբի ստացած բերքի քանակի պարագայում անհրաժեշտ է օրական 30 հոգի։ Այժմ պահեստում աշխատում է 8 հոգի, ինչը բանվորների սակավության պայմաններում շատ կարևոր է ֆերմերների համար։
Բացի այդ, անհրաժեշտ է քանդված և պահեստում լցված կարտոֆիլն արագ տեսակավորել, որպեսզի խոտան հանդիսացող տեսակները չփչացնեն ամբողջ բերքը։ Ձեռքով տեսակավորելու դեպքում այդ արագությունն ապահովելը խնդիր է, ուստի, այս սարքի օգնությամբ ֆերմերները նաև այդ խնդիրն են լուծում՝ ապահովելով ավելի բարձրորակ արտադրանք սպառողների համար, ինչպես նաև բերքի հնարավորինս նվազագույն կորուստ մինչև իրացումը։
Այս պահին սարքի օգնությամբ օրական 30 տոննա կարտոֆիլ է տեսակավորվում՝ նախկինում տեսակավորված 5 տոննայի փոխարեն։ Ֆերմերներն իրենց բերքը տեսակավորելուց հետո մտադիր են նաև ծառայություն մատուցել խմբի անդամ չհանդիսացող այլ կարտոֆիլագործների Կառնուտից և հարակից գյուղերից, քանի որ պահանջարկը կա։