
Անվտանգության կանոնները բնական աղետների և պատերազմի դեպքում
Հունվար ամսին ՀՀ փրկարար ծառայության տնօրեն ՆԳՆ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կ. Ցուցուլյանին էինք դիմել «Շեն» ԲՀԿ աշխատակիցների համար բնական աղետների և պատերազմի դեպքում անվտանգության կանոններին ծանոթացնելու նպատակով դասընթաց կազմակերպելու խնդրանքով։

Արձագանքը շատ արագ ստացանք և արդեն հունվարի 24-ին մեր կազմակերպության գլխավոր գրասենյակում ՆԳՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության միջոցառումների նախապատրաստման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Յուրի Գրեյանը և բնակչության պաշտպանության ու աղետների ռիսկի նվազեցման վարչության տարերային աղետների բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Անահիտ Դավթյանն անցկացրեցին երկժամյա դասախոսություն «Անվտանգության կանոնները բնական աղետների և պատերազմի դեպքում» թեմայով։

Դասախոսությանը մասնակցեցին «Շեն» ԲՀԿ գլխավոր գրասենյակի աշխատակիցները, ինչպես նաև մարզային պատասխանատուները։ Կազմակերպության աշխատակիցների ընդհանուր կարծիքով երկու բանախոսներն էլ նյութը ներկայացրեցին մանրամասն, մատչելի ու արհեստավարժ կերպով։ Դասախոսությունը բավականին բովանդակալից էր, և դատելով բուռն քննարկումներից ու հնչեցրած հարցերից նաև արդյունավետ։
Մենք բարձր ենք գնահատում ՆԳՆ արագ արձագանքն ու աջակցությունն այս հարցում, հատկապես գնդապետ Յու. Գրեյանի և փոխգնդապետ Ա.Դավթյանի պատրաստակամությունն ու ջանքերը խիստ անհրաժեշտ և օգտակար դասախոսության համար։