
Նորոգված բուժկետ, գրադարան և վարչական աշխատասենյակներ Դովեղում
Դովեղ գյուղը գտնում է Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի կազմում։ Գյուղի հեռավորությունը սահմանից ընդամենը 1,5 կմ է։ Չնայած դրան այն ունի 530 բնակիչ, իսկ տնտեսությունների թիվը հասնում է 150-ի։

Դովեղի գրադարանը և վարչական աշխատասենյակները տեղակայված են համայնքային կենտրոնի մեկ հարկաբաժնում, որը նախորդ դարի 90-ական թվականներից հետո չէր վերանորոգվել, գտնվում էր անմխիթար վիճակում՝ կիսափտած վիճակում էին պատուհանների շրջանակները, ավերվել և չէր գործում սանհանգույցը: Գյուղի բուժկետը, որ գործում է այլ շինության մի հատվածում ևս ուներ վերանորոգման կարիք․ փտած էին հատակը և պատուհանների շրջանակները, անհրաժեշտ էր թարմացնել պատերի և առաստաղի ներկը:

2022 թվականին Կանադական «Յալկեզեան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության Տավուշի մարզային գրասենյակը ձեռնամուխ եղավ վերանորոգման ծրագրի իրականացմանը։ Ծրագրով նախատեսվում էր վերանորոգել համայնքային կենտրոնի մեկ հարկաբաժինը և առանձին շենքում տեղակայված բուժկետը:

Նոյեմբերյան խոշորացված համայնքի և Դովեղի նախաձեռնող խմբի հետ կնքեցինք ծրագրի իրականացման պայմանագիրը։ Համայնքը պարտավորվեց փոխարինել պատուհանները, տեղադրել բուժկետի մուտքի դուռը։ Նախաձեռնող խումբն իր հերթին պարտավորվեց իրականացնել քանդման և շինարարական աղբի հեռացման աշխատանքները, ինչպես նաև կատարել շինարարության ընթացքում առաջ եկող չնախատեսված աշխատանքները:
«Շեն» ԲՀԿ-ն տրամադրեց վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութը։ Շինարարական աշխատանքներն իրականացնելու համար Դովեղ գյուղից աշխատանքի ընդունեցինք երկու վարպետի և երկու բանվորի։

Ծրագրի իրականացման ընթացքում համայնքի հետ կարողացանք փոխել համայնքային կենտրոնի ութ պատուհանները, տեղադրել պատուհանագոգեր, վերանորոգել ու կահավորել սանհանգույցը, փոխել էլեկտրական հաղորդման գծերը և տեղադրել լեդ լուսատուներ, սալիկապատել միջանցքը, վերանորոգել գրադարանն ու երկու աշխատասենյակները: Իսկ բուժկետում փոխեցինք հինգ պատուհան և մուտքի դուռը, տեղադրեցինք պատուհանագոգեր, սալիկապատեցինք երկու սենյակի հատակը և նորոգեցինք ու ներկեցինք բոլոր երեք սենյակները:
Ծրագրի իրականացման համար «Յալկեզեան» հիմնադրամը հատկացրեց մոտ 5 մլն ՀՀ դրամ, իսկ համայնքի ներդրումը կազմեց մոտ 1.9 մլն ՀՀ դրամ՝ նյութերի և անհատույց աշխատանքների տեսքով:
Ծրագրի արդյունքում այսօր Դովեղի գյուղապետարանը, գրադարանը և բուժկետը բնակիչների սպասարկումը կատարում են գեղեցիկ, հարմարավետ ու պատշաճ աշխատանքային պայմաններում: