Image
SERPN to Lanjik

Խմելու ջուր Լանջիկի դպրոցին

Անի խոշորացված համայնքի Լանջիկ բնակավայրի դպրոցի 120 աշակերտներն ու 30 հոգանոց անձնակազմը 2024 թվականին արդեն խմելու ջրի խնդիր չեն ունենա։

Image
SERPN to Lanjik
Ջրի խնդիրը

Լանջիկը, ինչպես համայնքի մյուս բնակավայրերը, խմելու ջուրն ստանում է տարածքի միակ ջրամբարից, որի հզորությունը բավարար չէ 936 հոգանոց բնակչությանը շուրջoրյա ջրամատակարարմամբ ապահովելու համար։ Գյուղի համար նորակառույց ջրամբարի տարողությունը 150 մ³ է։ Ջրամբարում ջուրը հավաքվում է Արագածից եկող ինքնահոս ջրերի հաշվին, սակայն քանակը բավարար չէ ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար։ Արդյունքում գյուղում ջրամատակարարումն իրականացվում է հատուկ գրաֆիկով՝ երկու օրը մեկ 3-4 ժամ տևողությամբ։

Image
SERPN to Lanjik

Լանջիկի դպրոցը հիմնադրվել է 1902 թվականին, իսկ ներկայիս շենքում այն գործում է 1990 թվականից։ Դպրոցը տիպիկ երկհարկանի շենք է՝ նախատեսված շուրջ 350 աշակերտի համար։ Ներկայումս դպրոցն ունի 120 աշակերտ։ Սակայն հաշվի առնելով դպրոցների համախմբման պետական ծրագիրը և գյուղում ծնելիության աճը՝ ակնկալվում է, որ առաջիկա տարիներին դպրոցականների թիվը զգալիորեն կաճի։

Խնդրի լուծումը

Դպրոցի սանհանգույցն ամբողջովին վերանորոգված ու կահավորված է։ Սակայն շուրջօրյա ջրամատակարարման բացակայությամբ պայմանավորված դպրոցի ներքին ցանցը և ջրահեռացման համակարգը գրեթե չեն գործում: Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է տեղադրել ջրի բաքեր, որտեղ կհավաքվի անհրաժեշտ քանակությամբ ջուր՝ դպրոցում դասերի ընթացքում ջրամատակարարումն ապահովելու համար։ Պահեստավորված ջուրն անկորուստ և համապատասխան որակով աշակերտներին հասցնելու համար անհրաժեշտ է նաև վերանորոգել ներքին ցանցի որոշ հատվածներ և ապահովել ջրահեռացման պատշաճ պայմաններ։

Image
SERPN to Lanjik
«SERPN»-ի օգնությունը

Այս ամենն իրականություն կդառնա արդեն 2024 թվականի սկզբին ֆրանսիական «SERPN» կազմակերպության շնորհիվ։ 2023-ի տարեվերջին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության նախագահի և «SERPN» կազմակերպության նախագահի միջև հեռավար պայմանագիր կնքվեց, որի համաձայն վերջինս 3000 Եվրո կտրամադրի ջրի բաքերի տեղադրման և անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով։

Աշխատանքները կսկսվեն հենց տարեսկզբին և շուտով Լանջիկի դպրոցի աշակերտները հնարավորություն կունենան կրթություն ստանալու արժանավայել պայմաններում։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել