Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն (FORACCA)
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագիրը նշանակալից քայլ է Հայաստանի անտառային լանդշաֆտների բարելավման և կլիմայական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ։
Ծրագիրն իրականացնում են Հայաստանի անտառային դաշինքի անդամ կազմակերպությունները։
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որպես ծրագրի գլխավոր գործընկեր, նպատակ ունի զարգացնելու ագրոանտառաբուծական նորարարական պրակտիկան Հայաստանում: Ծրագրի շրջանակներում «Շեն»-ը ՀՀ հինգ մարզերում կհիմնի ընդհանուր 60 հա ագրոանտառային համակարգեր և դաշտապաշտպան անտառաշերտեր: Այդ տարածքները ներառում են Շիրակի մարզի Մեծ Մանթաշ, Արագածոտնի մարզի Թթուջուր, Լոռու մարզի Լեռնավան, Սյունիքի մարզի Բալաք և Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի բնակավայրերը: Հայաստանում առաջին անգամ ագրոանտառային համակարգը հաջողությամբ հիմնվել է «Շեն»-ի կողմից 2024 թվականին Լոռու մարզի Շենավան գյուղի 7 հա տարածքում:
Ագրոանտառային համակարգում անտառային և գյուղատնտեսական կուլտուրաների համատեղումը խթանում է էկոհամակարգի դիմակայունությունը՝ միաժամանակ ստեղծելով տնտեսական հնարավորություններ համայնքների համար: Ինչպես ցույց է տվել «Շեն»-ի փորձը, այս մոտեցումը ստեղծում է երկուստեք շահեկան իրավիճակ: Տնտեսական շահի առկայության դեպքում համայնքներն ավելի պատրաստակամ են չմշակվող հողատարածքները հատկացնել անտառապատման նպատակով: