Image
FORACCA_1st Steering Committee

Ուրցաձորում մեկնարկեց FORACCA ծրագրի կառավարման խորհրդի աշխատանքը

Հայաստանում ծառ տնկելը պարզապես բնության պահպանության միջոց չէ։ Շատերի համար դա խորապես գիտակցված քայլ է՝ հանուն ապագա սերունդների ու նրանց թողնելիք կանաչ ժառանգության։ 

Image
FORACCA_1st Steering Committee

Հունիսի 25-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի «Ուրցաձոր» էկոկենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը։ Խորհուրդը միավորել է FORACCA-ի ղեկավարման խորհրդի մշտական և խորհրդակցական անդամներին՝ պետական կառույցներին, ֆինանսավորող և իրականացնող գործընկերներին, գիտական և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ գնահատելու առաջընթացը, քննարկելու առկա մարտահրավերները և համաձայնեցնելու ռազմավարական ուղղությունները։

Image
FORACCA_1st Steering Committee

Խորհուրդը համագործակցային հարթակ է, որտեղ որոշումները կայացվում են բաց երկխոսության և փոխադարձ համաձայնության հիման վրա։ Որպես հիմնական դոնոր՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) առաջնորդող դեր է խաղում այս գործընթացի կազմակերպման մեջ՝ սերտորեն համագործակցելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների շվեյցարական դաշնային ինստիտուտի (WSL) հետ։ Շվեյցարիայի աջակցությունը FORACCA ծրագրին արտացոլում է նրա ռազմավարական հանձնառությունը կլիմայի փոփոխության դիմակայունության և հարմարվողականության, անտառների կայուն կառավարման և ներառական տեղական գործընկերության զարգացման ուղղությամբ՝ համաձայն Հարավային Կովկասի համար Շվեյցարիայի համագործակցության ծրագրի։

Image
FORACCA_1st Steering Committee

Ծրագրի իրականացումը վստահված է Հայաստանի անտառային դաշինքի անդամ չորս կազմակերպություններին՝ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությանը, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությանը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման (FPWC) հիմնադրամին

Image
FORACCA_1st Steering Committee

Նիստի ընթացքում ներկայացվեցին FORACCA ծրագրում ներգրավված յուրաքանչյուր կազմակերպության դերն ու ներդրումները՝ ընդգծելով նրանց մասնագիտական ներուժը և հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի անտառային լանդշաֆտների վերականգնմանը և բնական ժառանգության պահպանմանը։ Զեկույցով հանդես եկավ նաև Անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների շվեյցարական դաշնային ինստիտուտի (WSL) ներկայացուցիչը՝ ներկայացնելով ծրագրի առայսօր իրականացրած աշխատանքների արդյունքներն ու ուրվագծելով դրա իրականացման հաջորդ քայլերը։ 

Image
FORACCA_1st Steering Committee

Նիստի քննարկումները վեր հանեցին նաև ոլորտում առկա խոչընդոտներն ու հիմնահարցերը։ Կազմակերպությունները բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ՝ կապված անտառապատման նպատակով տրամադրված հողերի հարկային խոչընդոտների, դրանց կադաստրային կարգավիճակի ու իրավական ընթացակարգերի բարդությունների հետ։ Այս խոչընդոտները ոչ միայն բարդացնում են նախագծի իրականացումը, ստեղծելով անբարենպաստ միջավայր երկարաժամկետ անտառվերականգնման համար, այլև չեն խրախուսում անտառապատման նախաձեռնությունների մեջ կայուն ներդրումները: 

Image
FORACCA_1st Steering Committee

Մասնակիցները միաձայն ընդգծեցին՝ անհրաժեշտ է վերանայել հարկային և հողօգտագործման օրենսդրությունը, որպեսզի անտառապատման և անտառվերականգնման աշխատանքները չընդհատվեն բարդ վարչական խոչընդոտների պատճառով։ Առաջարկվեց շարունակել համագործակցությունը աշխատանքային խմբի շրջանակներում, որտեղ կմշակվի օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ։
Խորհուրդն ընդգծեց՝ եթե ցանկանում ենք Հայաստանում ունենալ առողջ, կենսաբազմազանությամբ հարուստ անտառներ, ապա պետք է ստեղծել նպաստավոր քաղաքական ու իրավական միջավայր՝ ամրապնդելով պետական և հասարակական կառույցների համագործակցությունը։

Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և Հայաստանի անտառային դաշինքի անդամ չորս իրականացնող կազմակերպությունների՝ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից։ Ծրագրի իրականացման գործընկերն է նաև Անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների շվեյցարական դաշնային ինստիտուտը (WSL):

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել