Ջրառատցի երեխաների «ֆրանսաշունչ» ամառը
2024 թվականի մարտին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ջրառատ գյուղում մեկնարկեց գյուղի վարչական կենտրոնում գտնվող պարասրահի հիմնանորոգման և կահավորման ծրագիրը։ Ծրագիրն իրականացնում են «Այո» ֆրանսիական կազմակերպությունը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև ծրագրում իր ֆինանսական ներդրումն ունի Ախուրյան համայնքը։ Ընդհանուր 6․829․840 ՀՀ դրամ արժողությամբ ծրագրի շնորհիվ խիստ անմխիթար վիճակում գտնվող համայնքային նշանակության դահլիճը, որ տասնամյակներ առաջ ծառայել էր որպես գյուղի պարի խմբի սրահ, այսօր կրկին օգտագործվելու է նաև այդ նշանակությամբ։
Ծրագրի շրջանակներում «Այո» ֆրանսիական կազմակերպության մոտ քսան ֆրանսիացի կամավորներ օգոստոսի 4-23-ը հյուրընկալվել էին Ջրառատ գյուղում՝ հենց գյուղացիների տներում։ Այս ընթացքում պարասրահի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու հետ մեկտեղ նրանք գյուղի 6-15 տարեկան դպրոցականների համար կազմակերպեցին բակային ճամբար՝ հագեցած բազմաբնույթ կրթական, մարզական և մշակութային պարապմունքներով։ Ջրառատցի երեխաները ուրախությամբ մասնակցում էին կազմակերպված ֆրանսերեն լեզվի դասերին, մարզական խաղերին, մշակութային միջոցառումներին, ձեռքի աշխատանքների դասերին և այլն։
Աշխատանքներին ծանոթանալու և բակային ճամբարի առօրյային հաղորդակից լինելու նպատակով օգոստոսի 22-ին Ջրառատ այցելեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Օլիվիե Դըկոտինյին։ Դեսպանին միացան նաև «Շեն» ԲՀԿ վարչության նախագահ Հայկ Մինասյանը, «Շեն – Ֆրանսիա» կազմակերպության ներկայացուցիչ Սաթենիկ Պատվական Թուֆանյանը, «Այո» կազմակերպության ներկայացուցիչները, Շիրակի մարզպետի աշխատակազմի և Ախուրյան համայնքի ներկայացուցիչները։
Հյուրընկալ Ջրառատում հայ և ֆրանսիացի երիտասարդների հայկական մեղեդիներով միասնական շուրջպարը ջանքերը միավորելու և գյուղի զարգացմանն ի նպաստ գործելու լավագույն օրինակն էր։