Հայաստանում առաջին անգամ․ «Շեն»-ը դրոնով սերմեր է ցանում
Ժամանակակից տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են բացում Հայաստանի գյուղատնտեսության համար։ 2026 թ. հոկտեմբերի 18-ին «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունն իր DJI Agras T50 գյուղատնտեսական դրոնով իրականացրեց Հայաստանում դրոնով սերմերի ցանքի առաջին ցուցադրությունը։
Առաջին գործնական փորձարկումն անցկացվեց Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գտնվող՝ ICARE հիմնադրամի Զաբել Եսայան ագրոբիզնես կենտրոնում։ Կենտրոնի այգում դրոնով ցանվեցին կորնգանի սերմեր։ Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին նաև ինքնավար թռիչքի և սրսկման հնարավորությունները։
Այս իրադարձությամբ մեկնարկեց «Շեն»-ի՝ գյուղատնտեսական դրոնի կիրառման ծրագրի գործնական փուլը։ Տեխնոլոգիան կարող է նպաստել գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ու ռեսուրսների առավել նպատակային օգտագործմանը։ Հաջորդ փուլում նախատեսվող դաշտային փորձարկումները հնարավորություն կտան գնահատելու դրա կիրառման արդյունքները տեղական պայմաններում։
Ցուցադրության ժամանակ օգտագործված DJI Agras T50 դրոնը «Շեն»-ը ձեռք է բերել «Գյուղատնտեսական դրոնների ներդրման պիլոտային ծրագրի» շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորում է գերմանական «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպությունը։
Առջևում նաև ցուցադրություններ են հայաստանյան ֆերմերների համար՝ տեխնոլոգիային ծանոթանալու և սեփական տնտեսություններում դրա կիրառման հնարավորությունները դիտարկելու նպատակով։
Մեզ համար սա ոգևորիչ սկիզբ է՝ նորարարությունը գործնականում փորձարկելու և այն Հայաստանի գյուղական համայնքներին ավելի հասանելի դարձնելու ճանապարհին։