Image
Dzoraglukh forest

Եվս 3 հա անտառ Ձորագլխում

Image
Dzoraglukh in Spring

Ինչպես սկսվեց

Image
Dzoraglukh water system

ՀՀ Արագածոտնի մարզի Ձորագլուխ համայնքում անտառ հիմնելու ծրագիրը մեկնարկեց 2021 թվականից ֆրանսիական «Ծառ քեզ համար» (A Tree for You) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի նպատակն էր տնկել 5 հա բազմամշակութային անտառ։ Ծրագրի առաջին փուլն ավարտեցինք 2021 թ․-ին՝ նշված 5 հա-ից 2 հա-ի վրա տնկելով 10․400 ծառ։

Բնակիչների պահանջի համաձայն կառուցվեց նաև 431 մ երկարությամբ ոռոգման համակարգ: Դրա շնորհիվ կրճատվեց ոռոգման ջրի անարդյունավետ կորուստը՝ դեպի հողի խորքային շերտեր կամ գետը: Նախատեսված 500 մմ տրամագծով կիսախողովակների փոխարեն, անցկացվեցին 530 մմ տրամագիծ ունեցող կիսախողովակներ, որոնց տեղափոխման և տեղադրման հիմնական աշխատանքները կատարեցին համայնքի բնակիչները:

Image
Dzoraglukh map

Բացի այդ ցանկապատվեց նաև տնկարկի տարածքը ընդհանուր 1200 մ երկարությամբ: Տնկարկի բնական արգելքներ հանդիսացող հատվածները չցանկապատվեցին, քանի որ այստեղ կենդանիների մուտքը տնկարկի տարածք հնարավոր չէր: 

Պատրաստվում էինք տնկել 15․000 ծառ 

Image
Dzoraglukh

2022 թ․-ի համար նախատեսել էինք տնկել շուրջ 15․000 ծառ ևս 3 հա տարածքի վրա։ Համայնքի կողմից հատկացված այս տարածքը գտնվում էր նախորդի հարևանությամբ։ Այն նպաստավոր էր հյուսիսային դիրքով, ինչն առավելություն էր հանդիսանում խոնավության պահպանման տեսանկյունից։ Սակայն այստեղ ռելիեֆն անհարթ էր, թեքությունը՝ 30-40°, ինչի պատճառով անհնար էր տնկարկի հիմնման մեքենայացված հողային աշխատանքներ կատարելը։ Բարեբախտաբար համայնքը պատրաստակամություն հայտնեց աշխատանքները կատարել ձեռքով։

Image
Dzoraglukh

Օգոստոսից մինչև սեպտեմբեր ամիսը տեղի ունեցան հանդիպումներ համայնքի բնակիչների տարբեր խմբերի հետ համայնքի ծրագրի խնդիրների լուծման, աշխատանքների կազմակերպման, և կատարման վերաբերյալ։ Իսկ աշնանը կազմակերպվեց նաև բնապահպանական - ճանաչողական դասախոսություն համայնքի երիտասարդների համար: Տնկարկի հողափոսերի և տնկման աշխատանքների համար ձևավորվեց նախաձեռնող խումբ, որն արդեն հոկտեմբերին նախապատրաստեց տնկիների հողափոսերը։ Սկզբում աշխատանքները կատարվում էին ձեռքով, այնուհետև «Շեն» ԲՀԿ-ի կողմից տրամադրվեց բենզինային մոտոբուր, որի շնորհիվ հնարավոր եղավ ավելի արագ և արդյունավետ կատարել աշխատանքը:

Հարուստ կենսաբազմազանության նախադրյալները 

Image
Dzoraglukh

Տնկման աշխատանքները կազմակերպվեցին հոկտեմբերի վերջին կրկին տեղի բնակիչների ջանքերով։ Նրանք տնկեցին ընդհանուր 16․000 տնկի՝ փակ և բաց արմատային համակարգով աճեցված։ Քանի որ նպատակը բազմամշակույթ ու հարուստ կենսաբազմազանությամբ անտառ ստեղծելն էր, տնկեցին կեչի, սոճի, վայրի տանձենի ու խնձորենի, ինչպես նաև հատապտուղներ։ Ընդհանուր առմամբ 5 հա անտառտնկարկներում տնկեցինք 26.400 տնկի:

Image
Dzoraglukh

Համայնքն ստեղծեց իր անտառը

Ծրագրի իրականացման ողջ ընթացքում բոլոր աշխատանքները կատարվեցին տեղի բնակիչների միջոցով։ Հատկանշական է, որ նրանք ցուցաբերեցին բարեխիղճ ու պատասխանատու վերաբերմունք։ Դեկտեմբերին, երբ «Շեն»ԲՀԿ մասնագետներն այցելեցին անտառապատման տարածք, նկատեցին, որ թե՛ հողափոսերի, թե՛ տնկման, թե՛ մասնագիտական խորհրդատուի կողմից տրված տնկման սխեմայի պահպանման, թե ցանկապատման աշխատանքները կատարված էին որակով և հնարավորինս ճշգրիտ:

Այս ծրագրի արդյունքում Ձորագլխի անտառն իրականություն դարձավ, որը հնարավոր չէր լինի առանց «Ծառ քեզ համար» կազմակերպության հովանավորների առատաձեռն աջակցության։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել