Image
Balak Visit

«ԷԿՈսերվ» ծրագրի ներկայացուցիչների այցելությունը Բալաք

2023 թ.-ի օգոստոսի 14-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) պատվիրակմամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «ԷԿՈսերվ» ծրագրի ներկայացուցիչները՝ թիմի ղեկավար Ալլա Բերբերյանը, ծրագրի խորհրդատուներ Լևոն Մովսիսյանը և Աղասի Մնացյանն այցելեցին Սիսիան խոշորացված համայնքի Բալաք բնակավայր «Կերարտադրության ցուցադրական համայնք. բնական կերհանդակների բարելավում և չմշակվող վարելահողերի վերականգնում» ծրագրի իրականացման ընթացքին հետևելու և ծրագրի արդյունքներին ծանոթանալու նպատակով։

Image
Balak Visit

Հյուրերին ուղեկցում էին «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության գյուղատնտեսական ծրագրերի համակարգող Նվարդ Շահմուրադյանը և գյուղատնտես Սիմոն Ասատրյանը։ Սկզբում նրանք հյուրերին ծանոթացրեցին ծրագրի շրջանակներում իրականացվող սերմազտման և կերաղացի արտադրամասի կառուցման աշխատանքներին։ Տվյալ պահին արտադրամսը հիմնականում պատրաստ է և շահագործման փուլին անցնելու համար մնում են միայն եռաֆազ հոսանքի անցկացման աշխատանքները։

Image
Balak Visit

Այնուհետև այցելուների խմբին միացան նաև «Բալաք սերմաբուծական կոոպերատիվի» անդամները և միասին այցելեցին ծրագրի շրջանակներում 2023 թ.-ի գարնանը կատարված գարու, կորնգանի, առվույտի ցանքատարածությունները։ Այցելությունը համընկավ գարու բերքահավաքի հետ։

Կոոպերատիվի անդամ ֆերմերները իրենց գոհունակությունը հայտնեցին բերքահավաքի արդյունքներից` նշելով, որ ըստ հնձված առաջին դաշտերի արդյունքների, սպասվում է գարու բավականին բարձր բերք։ Արդյունքները հատկապես տպավորիչ էին, քանի որ անջրդի պայմաններում 1 հա-ից ստացվել էր 2,5 տոննա գարու բերք։ Կոոպերատիվի անդամ ֆերմերները պատրաստվում էին գարու բերքը, ծրագրի շրջանակներում կոոպերատիվի համար ձեռք բերված նոր սերմնազտիչով զտելուց հետո, մի մասը վաճառել որպես սերմացու, իսկ մյուս մասով հաջորդ տարվա գարնանն ավելացնել գարու ցանքատարածքները։

Image
Balak Visit

Գոհացնող էր նաև այն, որ կորնգանի և առվույտի ցանքատարածություններն էլ գտնվում էին լավ վիճակում՝ բույսերը նորմալ թփակալել էին։ Կորնգանի բույսերի մի մասն արդեն ձևավորել էր որոշակի սերմեր։ «Շեն»-ի մասնագետները կոոպերատիվի անդամներին ցուցումներ տվեցին գարու բերքի հետբերքահավաքային պահպանության և կորնգանի ու առվույտի հետագա խնամքի վերաբերյալ։

Այցելության համար ընտրված ժամանակահատվածը շատ բարենպաստ էր ծրագրի մշտադիտարկման համար, քանի որ հյուրերը անմիջապես ծանոթացան արդյունքներին և հնարավորություն ունեցան տեսնելու շահառուների գոհունակությունը։ Սա ծրագրի հետագա երկարատև կայուն հաջողության իսկական գրավականն էր։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել