Ավարտվեց «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը
Դեռևս 2023 թվականի մարտ ամսից մեկնարկեց «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը։ Այս տարի Ֆրանսիայի բժիշկների միության հետ համագործակցային ջանքերն ուղղվեցին Շիրակի մարզ, մասնավորապես՝ Անի և Ամասիա համայնքների շուրջ 30 գյուղական բնակավայրեր։
Բուժքույրերի վերապատրաստում
Ծրագրի առաջին փուլում նշված բնակավայրերը սպասարկող ընտանեկան բուժքույրերը, ինչպես նաև մանկապարտեզների բուժքույրերն անցան մեկօրյա վերապատրաստումներ մարտ ամսին, որն իրականացվեց Ֆրանսիայից ժամանած բժիշկներ Պետրոս Օհանյանի և Լևոն Արթինյանի կողմից։ Վերապատրաստված բուժքույրերն իրենց տարածքներում իրականացրեցին 3-15 տարեկան երեխաների նախնական զննություններ։ Այն երեխաները, որոնց մոտ բուժքույրերը հայտնաբերեցին տեսողական խնդիրներ, գրանցվեցին հետագա զննության և ըստ անհրաժեշտության՝ ակնոցներ տրամադրելու համար։
Երեխաների զննություն և ակնոցների տրամադրում
Ծրագրի երկրորդ փուլը տեղի ունեցավ օգոստոսի 21-26-ը Շիրակի մարզի Ամասիայի և Մարալիկի դպրոցներում, որտեղ Շենի ջանքերով բոլոր 30 գյուղական բնակավայրերից տեղափոխվեցին գրանցված մոտ 260 երեխաներ իրենց ծնողների ուղեկցությամբ։ Ֆրանսիայից ժամանած բժշիկների՝ 6 հոգանոց մասնագիտական խումբն իրականացրեց երեխաների աչքերի մասնագիտական զննություն, որի արդյունքում 181 երեխայի համար նշանակվեց ակնոց։ Ակնոցները պատրաստվում են օպտիկայում, որտեղից ծնողները մեկ շաբաթվա ընթացքում անվճար կստանան դրանք։
Անվճար ակնոցներ նաև տարեցներին
Ծրագրի ընթացքում նաև տրամադրվեցին ակնոցներ տարեցների համար՝ ընդհանուր առմամբ 380 ակնոցներ։ Տարեցների ակնոցների մնացած խմբաքանակը կտրամադրվի Ամասիայի և Մարալիկի առողջության կենտրոններին՝ բնակչությանն անվճար տրամադրելու նպատակով։ Բժիշկները փաստում են, որ երեխաների շրջանում տեսողական խնդիրների աճ է արձանագրվում տարեցտարի, ինչը կարող է պայմանավորված լինել հեռախոսային և համակարգչային խաղերից երեխաների կախվածության բարձր մակարդակով, դրա վերաբերյալ իրենց մտահոգությունն էին հայտնում նաև ծնողները։