Ծովակի ֆերմերային-մարկետինգային խմբի փոխայցելությունները
Օգոստոսի 22-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ բնակավայրի նորաստեղծ ֆերմերային-մարկետինգային խմբի անդամների համար կազմակերպեցինք փոխայցելություն Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Դարակերտ բնակավայրի «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն»-ի և ֆերմեր Արմեն Սիմոնյանի ջերմատնային տնտեսություններ «Շեն» ԲՀԿ կողմից գերմանական «Bread for the World» («Հաց աշխարհին») կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ» ծրագրի շրջանակներում։
Գիտական կենտրոնում Ծովակի մարկետինգային խմբի անդամները ծանոթացան սածիլների ցանքի, տնկման, մշակության առանձնահատկություններին։ Բացի այդ, խմբի անդամներն այցելեցին գիտական կենտրոնի լաբորատորիաները, բանջարային մշակաբույսերի սերմերի պահպանության պահեստային խցիկները։
Ֆերմեր Ա. Սիմոնյանի տնտեսությունում խմբի անդամներն այցելեցին պոլիէթիլենային և ապակյա ծածկով ջերմատներ, ծանոթացան դրանց առանձնահատկություններին, կաթիլային, հիդրոպոնիկ և ավանդական ոռոգման տեխնոլոգիաներին։ Փոխայցելության նպատակն էր մարկետինգային խմբի անդամներին ծանոթացնել ջերմատնային տնտեսության գործունեությանը և աշխատանքների կազմակերպման գործընթացին։ Այցն ուսուցողական նշանակություն ուներ խմբի անդամների համար, քանի որ նրանք նախատեսում են «Շեն»-ի աջակցությամբ Ծովակ գյուղում 300մ² մակերեսով ջերմատուն կառուցել։
Փոխայցելության մասնակիցները տպավորված էին և շնորհակալ մանրամասն ներկայացման ու պրակտիկ գիտելիքների ձեռքբերման համար։